Իրանի դեմ հնչած Ադրբեջանի գնահատականների, Կովկասում Իրանի վարած սկզբունքային քաղաքականության վերաբերյալ հնչեցված անհիմն պահանջների հիմնական պատճառն այն է, որ Ադրբեջանը ձախողել է Միացյալ Թագավորության կողմից ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի կամ «Զանգեզուրի միջանցք»-ի ստեղծման ծրագրերը։ NEWS.am-ի «ՈւԺԻ ԳՈՐԾՈՆ» հաղորդման եթերում նման կարծիք հայտնեց իրանցի միջազգայնագետ Էհսան Մոհավեդիանը՝ անդրադառնալով վերջին շրջանում Ադրբեջան-Իրան հարաբերություններում նկատվող լարվածությանն ու Ադրբեջանի նախագահի՝ Իրանի հասցեին հնչեցրած սուր հայտարարություններին։ 

Իրանցի միջազգայնագետի կարծիքով՝ սա է նաեւ պատճառը, որ Ադրբեջանը վերջին օրերին ընդգծված հակաիրանական քաղաքականություն է վարում տեղեկատվական-քարոզչական դաշտում եւ ադրբեջանական պետական լրատվամիջոցներով պարբերաբար շրջանառվում է Իրանի Արեւելյան Ազարբայջան նահանգի անջատողականության գաղափարը (Իրանի այդ նահանգն Ադրբեջանում «Հարավային Ադրբեջան» են կոչում - խմբ.)։

«Այդ ծրագրերն Ադրբեջանի ժողովրդի շահերին դեմ են, բայց Ալիևը կուրորեն հետևում է դրանց։ Հանրային աջակցություն չունենալու պատճառով Բաքվի կառավարությունն իր ապագան կապել է տարածաշրջանում Իսրայելի սիոնիստական ռեժիմի, ՆԱՏՕ-ի, Միացյալ Թագավորության եւ Միացյալ նահանգների շահերը սպասարկելու հետ։ Այդ միջանցքի ծրագիրն իր էությամբ հակաիրանական, հակահայկական, հակառուսական եւ հակաչինական է՝ հատկապես էներգետիկայի տեսանկյունից, գումարած պանթուրքիզմի, պանթուրանականության վերաբերյալ քննարկումները։ Ուստի՝ երկար ժամանակ չպահանջվեց հասկանալու համար, որ Հայաստանի եւ Իրանի դեմ նման աշխարհաքաղաքական դավադրություն իրականացվել չի կարող»,- նկատեց Մոհավեդիանը։

Միջազգայնագետի կարծիքով՝ այդ պատճառով էլ Սոչիի եռակողմ բանակցությունների ժամանակ Ալիեւը ստիպված եղավ ընդունել 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագիրը՝ Սովետական շրջանի սահմանների եւ Հայաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ։

«Սա նշանակում է, որ ՆԱՏՕ-ի թուրանական կամ Զանգեզուրի միջանցքի ստեղծման հարցում Ադրբեջանի եւ անձամբ Ալիեւի՝ հաջողության հասնելու հնարավորությունը մոտ է զրոյին։ Ինչպե՞ս ստացվեց, որ Ալիեը, որը ձգտում է նվաճել Արցախը, Սոչիում համաձայնվեց անորոշ ժամկետով հետաձգել Արցախի ապագայի հարցով բանակցությունները։ Նման իրավիճակում Ադրբեջանը ստիպված է հանրային կարծիքի համար արդարացնել իր այս պարտությունը՝ տարբեր պահանջներ առաջ քաշելով։ Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունը ենթադրում է Արցախի Հանրապետության ներկա դիրքերի ամրապնդում՝ Ռուսաստանի խաղաղապահ ուժերի հովանավորության ներքո, ինչը նշանակում է, որ Արցախում առկա իրավիճակը Բաքվի համար շատ ավելի վատ է, քան նախքան 2020 թվականի պատերազմն էր։ Եթե Ալիեւն ուզում է օգնել Ադրբեջանի ժողովրդին, ապա պետք մտածի իր երկրի ազգային շահերի մասին, չվստահի Իսրայելին եւ Թուրքիային, եւ փոխարենն իր ժողովրդի հետ խոսի, ոչ թե իր թշնամիների»,- նկատեց Մոհավեդիանը։