Իրանում բողոքի ցույցերը սահմանափակ բնույթ ունեն եւ չեն հանգեցնի կառավարության տապալմանը։ NEWS.am-ի «ՈւԺԻ ԳՈՐԾՈՆ» հաղորդման եթերում նման կարծիք է հայտնել իրանցի միջազգայնագետ Էհսան Մոհավեդիանը։

Նրա դիտարկմամբ՝ Իրանում բողոքի ալիքի համար բազմաթիվ օբյեկտիվ պատճառներ կան, եւ մարդիկ փողոց են դուրս գալիս իրենց կյանքի որակը բարելավելու նպատակով։

«Նախ տնտեսական վիճակն է վատացել՝ գնաճը մեծ չափերի է հասել, դոլարի փոխարժեքը մեծացել է։ Վերջին 20 տարում Իրանում ծնված երիտասարդները, նոր սերունդը կտրված են Իսլամական հեղափոխության հռչակած մշակութային արժեքներից։ Երիտասարդ սերնդին այս արժեքների փոխանցման պակասը կարեւոր խնդիր է, քանի որ մեր հայրերն այլ կերպ են մտածում, մենք՝ այլ, երիտասարդներն այլ կերպ են մտածում եւ չեն ընդունում այն արժեքները, որոնք Իսլամական Հանրապետությունն է առաջ մղում։ Մյուս խնդիրը վատ կառավարումն է եւ տարբեր ոլորտներում բարեփոխումներ անցկացնելու անհրաժեշտությունը։ Իրանական տեղական լրատվամիջոցների թույլ լինելու պայմաններում Սաուդյան Արաբիայի եւ Միացյալ Թագավորության կողմից համակարգվող սատելիտ լրատվամիջոցներն ազդեցություն են ունենում մարդկանց վրա, եւ մենք չենք կարող չնկատել դա»,- նկատեց փորձագետը՝ շեշտելով, որ, ի տարբերություն Ադրբեջանի, Իրանը հնարավորություն է տալիս մարդկանց արտահայտելու իրենց բողոքը եւ բռնապետական ձեւով միանգամից չի ճնշում այն։

Իրանցի միջազգայնագետը կարծում է, որ սեպտեմբերից մեկնարկած բողոքի ցույցերը չեն սպառնում Իրանի կառավարությանը, որովհետեւ ցուցարարները չունեն հստակ առաջնորդ, որն ընդունելի կլինի բոլորի համար. բողոքի գործողությունները սոցցանցերի միջոցով են կազմակերպում, որոնք բավականաչափ սահմանափակված են կառավարության կողմից։

«Մյուս պատճառն այն է, որ ցուցարարների շրջանում կարծիքների մեծ տարբերություն կա։ Այդ մարդկանց մի մասն անջատողական է՝ նրանք Իրանն ուզում են մասնատել, բռնի գործողությունների են դիմում, ինչն, իրականում, վախեցնում է իրանցիներին, քանի որ նրանք սիրում են Իրանն ու չեն ցանկանում նման շարժման մասնակից դառնալ։ Իսլամական հանրապետությունը բազմաթիվ աջակիցներ ունի, որոնք հավատում են Իմամ Խոմեյնիի հավատքին եւ գաղափարներին։ Այլ հանգամանք էլ կա՝ բողոքի գործողությունները երբեք չեն հասնում տնտեսական եւ արդյունաբերական ոլորտին, գործադուլներ չեն լինում այստեղ։ Իրանի անվտանգության ուժերը ցուցարարների թվում սադրիչների են ձերբակալել, որոնք փոխկապակցված են եղել Միացյալ Նահանգների, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի, Ադրբեջանի, եվրոպական որոշ երկրների հետ։ Իրանի թշնամիները, հույս ունեմ, հասկանում են, որ 7000 տարվա պատմություն ունեցող մեր երկիրը միշտ լինելու է եւ կանխելու է մեր դեմ ուղղված սադրանքները»,- ընդգծեց Մոհավեդիանը։