Երեկ Մարտակերտում բացվեց «ԱՐՄԱՏ ՕԴՈՒՄ» անօդաչու թռչող սարքերի արտադրամասը, որը նման երկրորդ արտադրամասն է Արցախում եւ 24-րդը՝ «Արմատ» նախագծի շրջանակում։ Ծրագիրն իրականացել է Մարտակերտի քույր քաղաք Ֆրանսիայի Սարսել համայնքի եւ տեղի հայ համայնքի ֆինանսավորմամբ։ Այս մասին Telegram հարթակի իր ալիքում գրել է Արցախի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։
Իսկ այսօր Ստեփանակերտում կայացել է արցախյան «ԱՐՄԱՏ»-ի առաջին ցուցահանդեսը։ Շուրջ 600 ուսանող արդեն հետաքրքիր եւ գործնական տեխնոլոգիական կրթություն է ստանում «Արմատ»-ում, եւ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ղեկավարության հետ քննարկել ենք Արցախում «Արմատ»-ի թվի էական ավելացման հնարավորության մասին։
Գործունեության արդյունքները շոշափելի են եւ ուրախալի, սակայն մենք դեռեւս երկար ճանապարհ ունենք անցնելու Արմատի եւ նմանատիպ այլ կրթական ծրագրերի մատչելիության եւ արդյունավետության մակարդակն Արցախում բարձրացնելու ուղղությամբ։
Շնորհակալություն «Արմատ»-ի հովանավորներին եւ թիմի ղեկավարներին՝ իրենց կարեւոր ներդրման համար:





























