Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք այսօր՝ նոյեմբերի 15-ին պետիցիա (հանձնագիր) են ներկայացրել Ֆրանսիայի դեսպանություն՝ ի պաշտպանություն Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին Ֆրանսիայի Սենատի բանաձեւի, որը կքննարկվի այսօր:

«Հանուն Հադրութի» ՀԿ ղեկավար Լեւոն Հայրիյանը նշեց, որ հանձնագրի տակ ստորագրել է ավելի քան 1700 քաղաքացի։

«Մենք՝ ԼՂՀ-ի և Հայաստանի ներքոստորագրյալ քաղաքացիներս, մեր երախտագիտությունն ենք հայտնում Ֆրանսիայի Սենատին, երկրի քաղաքական ուժերին և անձամբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ իրենց դիրքորոշման համար... Հուսով ենք, որ այս նախաձեռնությունը վերջինը չի լինի, մանավանդ որ դա է պահանջում տարածաշրջանում ստեղված իրավիճակը: Մենք վստահ ենք, որ Ֆրանսիայի Սենատի բանաձեւը ամուր հիմք կդառնա ղարաբաղյան հիմնախնդրի արդարացի կարգավորման համար»,- ասված է հանձնագրում։

Հայրիյանը նշեց նաև, որ հնարավոր է՝ նոյեմբերի 16-ին նամակը հանձնեն նաև ԱՄՆ դեսպանություն: