ԱՄՆ վարչակազմը պնդում է, որ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի մեխանիզմն այլեւս չի գործում, եւ Վաշինգտոնը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղ կարգավորմամբ զբաղվում է միայն Բաքվի եւ Երեւանի հետ անմիջական փոխգործակցության միջոցով, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Ինձ թվում է՝ այն զարգացել է մինչեւ այն կետը, որ մենք կարող ենք կոնսենսուսի հաշվին վերջ դնել այս մանդատին»,- չորեքշաբթի խմբի մասին ասել է Կովկասում բանակցությունների գծով ԱՄՆ պետքարտուղարի խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆիլիպ Ռիկերը: «Այնուամենայնիվ, մանդատն ինքնին բավականին օգտակար է։ Թեեւ Մինսկի խմբի համանախագահների միջեւ փոխգործակցությունն այլեւս չի գործում։ Եվ մենք անմիջականորեն մասնակցում ենք [հակամարտության կողմերի] հետ նրանց խաղաղ գործընթացին»,- ասել է դիվանագետը՝ ելույթ ունենալով ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան։ Վաշինգտոնը եւ Փարիզը դադարեցրել են բոլոր շփումները Մոսկվայի հետ՝ «եռյակի» շրջանակներում այն բանից հետո, երբ Ռուսաստանը հատուկ ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում: «Մինսկի խումբը, ինչպիսին այն հայտնի էր, չի գործում։ Մանդատը պահպանվում է։ Մանդատի նպատակը, իհարկե, պահպանվում է։ Իսկ ԵԱՀԿ-ն գործում է կոնսենսուսի հիման վրա։ Ես շարունակում եմ շատ սերտ կապի մեջ մնալ իմ ֆրանսիացի գործընկերոջ, ԵՄ-ի հետ, որն այժմ այնքան [խորը] ներգրավված է տարածաշրջանում, այլ շահագրգիռ կողմերի, հենց ԵԱՀԿ-ի հետ»,- ասել է Ռիկերը: «Ադրբեջանն ուղղակի հայտարարել է, որ այլեւս գործ չի ունենալու Մինսկի խմբի հետ»,- հավելել է նա։
Մինչդեռ լսումներին մասնակցած սենատոր Բենջամին Կարդինը (Մերիլենդից դեմոկրատ) ԱՄՆ-ին հորդորել է հասնել Մինսկի խմբի վերացմանը: Բացի այդ, նա պնդել է, որ խումբն իրենց նպատակների համար օգտագործում են այն կողմերը, որոնք «չեն ցանկանում առաջ շարժվել դեպի խաղաղություն»:





























