Բաքուն Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցի  հետաձգմանն իր վերաբերմունքը ցույց է տալիս թե Հայաստանի հետ սահմանին, թե հենց Ղարաբաղում։ Նոյեմբերի 17-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ այս մասին  ասաց ընդդիմադիր պատգամավոր, ՀՀԿ-ական Տիգրան Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ միայն անցած շաբաթ Ադրբեջանը 3-4 սադրանք է ձեռնարկել Ղարաբաղում։ Դրանցից միայն երկուսի մասին է  պաշտոնապես հայտնի։

«Պաշտոնական տեղեկություն է եղել Ասկերանի շրջանի ուղղությամբ երկու սադրանքների մասին։ Վերջին դեպքը եղել է նախօրեին Մարտունու շրջանի ուղղությամբ։ Ադրբեջանական դիրքերից կրակ է  բացվել գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ։ Սրան զուգահեռ հայ-ադրբեջանական սահմանի տարբեր ուղղություններում նկատվում է դանդաղ, բայց, այնուամենայնիվ, լարվածության աճ։ Նաեւ որոշ դեպքերում լինում են որոշակի դիրքային տեղափոխություններ, որոնց վերջնական նպատակն այս պահին դժվար է որոշել»,- ասաց պատգամավորը։

Պատգամավորի խոսքով՝ ակնհայտ է մեկ բան․ Բաքուն հստակ ծրագրված սադրանքներ է իրականացնում ինչպես Հայաստանի հետ սահմանին, այնպես էլ Ղարաբաղում։

 «Սրանք բոլորովին պատահական միջադեպեր չեն, այլ իրավիճակի նախապես ծրագրված թեժացում»,- համոզված է ընդդիմադիրը։