«ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը Beeline) դարձել է «Հայոց պետականություն. 5000-ամյա եւ 20-ամյա» խորագրով մանկապատանեական համահայկական երկրորդ մրցույթ-փառատոնի գլխավոր հովանավոր:
«ԱրմենՏելի» մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մրցույթի շրջանակներում 243 լավագույն թեմատիկ աշխատանքներ ներկայացվել են Երեւանի Մանկական ստեղծագործության թանգարանում (հասցե` Աբովյան 13):
Մրցույթ-փառատոնին մասնակցելու համար իրենց աշխատանքներն են ներկայացրել աշխարհի 20 երկրից շուրջ 1000 աշակերտ եւ ուսանող: Միջոցառման կազմակերպիչն է Կրթության եւ գիտության նախարարությունը:
«Այսօրվա միջոցառումն առանձնահատուկ է, քանի որ Հայաստանի Անկախության 20-ամյակը ոչ միայն միավորում է երկու տասնյակ երկրների հայ երիտասարդներին, այլ նաեւ թույլ է տալիս բոլոր մասնակիցներին` երեխաներին եւ երիտասարդներին անդրադառնալ ավելի քան 5000-ամյա պատմություն ունեցող երկրի պատմությանը: «ԱրմենՏել» ընկերությունը ուրախ է հերթական անգամ աջակցել մրցույթ-փառատոնի անցկացմանը` նպաստելով երիտասարդների ստեղծագործական ունակությունների զարգացմանը` հանուն երկրի եւ աճող սերնդի պայծառ ապագայի», - նշել է «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:




























