Հայաստանը պատրաստ է վավերացնել «Պարսից ծոց-Սեւ ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի գործարկման մասին համաձայնագիրը՝ Հանրապետության օրենսդրությանը համապատասխան: Ներկայում նախագծի մասնակիցները սպասում են, թե երբ Իրանը՝ տվյալ նախագծի գաղափարի հեղինակը, կհայտարարի համաձայնագրի ստորագրման ամսաթիվը: Այս մասին Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից։

«Պարսից ծոց-Սեւ ծով» ՄՏՄ-ի նախագիծը ենթադրում է չընդհատվող երթուղի, որը Դելին եւ Թեհրանը կապում է Եվրոպայի հետ Երեւանի եւ Թբիլիսիի միջոցով, մուլտիմոդալ փոխադրումներով։ ՄՏՄ-ի գաղափարը Իրանն առաջին անգամ հնչեցրել էր 2016 թվականին, նախագծին միացել էին Հայաստանը, Բուլղարիան, Վրաստանը, Հունաստանը։ Այս ընթացքում աշխատանքային խմբերի վեց հանդիպում է անցկացվել (երկուական անգամ Իրանում եւ Բուլղարիայում, մեկական անգամ` Վրաստանում եւ Հայաստանում)։

«Հուսով ենք՝ Հնդկաստանը եւս կհետաքրքրվի Պարսից ծոց-Սեւ ծով միջանցքով», - ասել է Արարատ Միրզոյան

Գերատեսչությունում հիշեցրել են, որ վերջին անգամ նախագծի մասնակից երկրների, մասնավորապես Հայաստանի, Իրանի եւ Բուլղարիայի պատվիրակությունները հավաքվել են 2022 թվականի ապրիլի 6-7-ը Սոֆիայում` նախագծի համաձայնեցման փորձագիտական խմբի վեցերորդ նիստին:

«Նիստի ընթացքում պատվիրակությունները ստորագրել են 6-րդ նիստի արձանագրությունը, որում ամրագրվել է, որ «Պարսից ծոց-Սեւ ծով» տրանսպորտային միջանցքի ստեղծման համաձայնագրի նախագծի վերջնական տարբերակը պատրաստ է»,-նշվում է գերատեսչության պատասխանում։

Երեւանը ներկայացրել է «Պարսից ծոց-Սեւ ծով» միջանցքի շուրջ 6-րդ հանդիպման մանրամասները:

Իրանական կողմը դիվանագիտական խողովակներով վեցերորդ նիստի արձանագրությունը եւ նախագծի վերջնական տարբերակը համաձայնեցման է ուղարկել տրանսպորտային միջանցքի մասնակից մյուս երկրներին` Վրաստանին եւ Հունաստանին։ Այդ երկրների ներկայացուցիչները պետք է այն ստորագրեին մինչեւ մայիսի 31-ը։ Պատասխան ստանալուց հետո Իրանը պետք է մյուս պետություններին տեղեկացներ արդյունքների մասին։

«ԻԻՀ-ից դեռեւս տեղեկատվություն չի ստացվել։ Բոլոր երկրների կողմից համաձայնագրի վերջնական տարբերակի համաձայնեցումից հետո «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան կիրականացվի համաձայնագրի ստորագրման գործընթացը»,-նշել են գերատեսչությունում։

Նշենք, որ համաձայնագրի վավերացումից հետո կստեղծվի համակարգող մարմին/ կոմիտե, որը կզբաղվի մաքսային եւ հարկային ընթացակարգերի կանոնակարգի մշակմամբ։ Միջազգային տրանսպորտային միջանցքը Հայաստանին թույլ կտա դիվերսիֆիկացնել մատակարարումները, ազատորեն օգտվել Իրանի նավահանգիստներից, դառնալ կարեւոր տարանցիկ հանգույց։

ՀՀ–ն ու Իրանը պատրաստվում են ավարտին հասցնել «Պարսից ծոց-Սեւ ծով» միջանցքի համաձայնագիրը

Սակայն միայն քաղաքական կամքը բավարար չէ։ Հայկական կողմը պետք է լուծի իր լոգիստիկ եւ ենթակառուցվածքային խնդիրները։ Մասնավորապես` կարճ ժամանակում ավարտին հասցնի երկրի հարավը հյուսիսին կապող ավտոմոբիլային ճանապարհի շինարարությունը։