Միացյալ Նահանգները հավատարիմ է Ասիական տարածաշրջանին երկարատեւ հեռանկարի համար, ասել է ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը՝ ելույթ ունենալով Բանգկոկի գագաթաժողովում, տեղեկացրել է AP-ը։

Հարիսը Միացյալ Նահանգներն անվանել է «հպարտ խաղաղօվկիանոսյան տերություն»՝ նշելով, որ ԱՄՆ-ի հետ համագործակցության վաղեմի ցանցն անվտանգության ոլորտում թույլ է տվել Ասիային բարգավաճել։

«Միացյալ Նահանգներն այստեղ է, որպեսզի մնա այստեղ»,- ասել է Հարիսը բիզնեսի ղեկավարներին Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՕՏՀ) գագաթաժողովի շրջանակում, որին ներկա էր նաեւ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։

«Մեր ասելիքը հստակ է. Միացյալ Նահանգները հավատարիմ է Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանին, որը ոչ թե տարիների, այլ տասնամյակների եւ սերունդների պատմություն ունի»,- ասել է նա։

Հարիսը նշել է, որ տնտեսական գործընկերությունն Ասիայում Բայդենի վարչակազմի համար «բարձր առաջնահերթություն» է, եւ նշել է, որ ԱՄՆ-ի մասնավոր հատվածը տարածաշրջանում ներդնում է տարեկան մոտ 1 տրլն դոլար։ «Ամերիկան ուժեղ գործընկեր է տարածաշրջանի տնտեսության եւ ընկերությունների համար, որովհետեւ Աներիկան եղել եւ մնում է մեր վարչակազմի մոտեցմամբ հավաստված գլոբալ աճի հիմնական շարժիչը»,- ասել է նա։