Բաքվում կայացել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը։
ՌԴ կառավարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում Միշուստինը տեղեկացրել է նախօրեին Բաքվում կայացած միջտարածաշրջանային համաժողովի արդյունքների մասին։ «Առաջնային ուշադրության են արժանացել էներգետիկայի, արդյունաբերության, տրանսպորտի եւ մշակութա-հումանիտար ոլորտները։ Բանակցությունների արդյունքում տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման վերաբերյալ մի շարք պայմանագրեր ենք ստորագրել։
Տրանսպորտային ոլորտը շատ կարեւոր է, առանձնահատուկ։ Համոզված ենք, որ համատեղ ենթակառուցվածքային եւ լոգիստիկ նախագծերը նոր շարժիչ ուժ կդառնան համագործակցության ամբողջ համալիրի զարգացման համար: Հատկապես ուզում եմ նշել Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի արեւմտյան երթուղին։ Մենք ակնկալում ենք մինչեւ 2030 թվականը դրանով փոխադրումների ծավալը ավելացնել տարեկան մինչեւ 15 միլիոն տոննայի», - ասել է Միշուստինը։
«Ինչ վերաբերում է տարանցիկ բեռներին, ապա այստեղ, կարծում եմ, մենք ռեկորդային ցուցանիշներ ենք գրանցում՝ մոտ 50-60 տոկոս եւ աճի մեծ հեռանկար է նկատվում»,- ասել է Ալիեւը։։
«Տարանցիկ եւ լոգիստիկ ենթակառուցվածքների հետ կապված մենք կզարգացնենք փոխադարձ համագործակցության ներուժը՝ առաջին հերթին երկուստեք, եւ, իհարկե, ներգրավելով հարեւան երկրներին, քանի որ Ռուսաստանն ու Ադրբեջանը երկար տարիներ ակտիվորեն ներդրումներ են կատարում այս ոլորտում։
Եվ իհարկե, տրանսպորտային միջանցքների ներուժի ամրապնդումը, առաջին հերթին, «Հյուսիս-Հարավ»-ի, կբխի այս նախագծում ներգրավված բոլոր երկրների շահերից եւ լրացուցիչ հեռանկարներ կստեղծի, այդ թվում՝ բիզնեսի համար»,- ասել է Ալիեւը։





























