Թուրքիան ակնկալում է Ռուսաստանի կողմից առաջարկված գազային հանգույցի նախագծի իրականացման ուղղությամբ աշխատանքները սկսել 2023 թվականի սկզբից, հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Մինչեւ տարեվերջ մենք մտադիր ենք որոշել «ճանապարհային քարտեզը»։ Իսկ 2023 թվականի սկզբից համապատասխանաբար սկսել նախագծով նախատեսված աշխատանքների իրականացումը», - NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Դոնմեզը։

Նրա խոսքով՝ Թուրքիան մի շարք բանակցություններ է անցկացնում գազի հնարավոր մատակարարների հետ՝ տվյալ նախագծով ապահովելու համար Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը եւ շուկայի հավասարակշռությունը։

Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ  Թայիփ Էրդողանը ավելի վաղ հանձնարարել էին մանրամասն եւ արագ մշակել Թուրքիայում գազային հանգույց ստեղծելու հարցը, որով, մասնավորապես, ՌԴ-ն կարող է գազի տարանցումը Հյուսիսային հոսքերից տեղափոխել դեպի Սեւ ծովի եւ Թուրքիայի տարածաշրջան ։

Ռուսաստանը մատակարարում է Թուրքիայում սպառվող գազի մոտ 44 տոկոսը։