Սեպտեմբերին տեղի ունեցած պայթյունները, որոնք վնասել են «Հյուսիսային հոսք-1» եւ «Հյուսիսային հոսք-2» գազատարները, առաջացել են «կոպիտ սաբոտաժի» հետեւանքով, Politico-ի՝ հաղորդմամբ ասել է Շվեդիայի դատախազ Մատս Յունգվիստը:

Նրա խոսքով՝ հետաքննության ընթացքում հայտնաբերվել են «պայթուցիկ նյութերի հետքեր մի քանի կողմնակի առարկաների վրա»։

Գերմանիայի կառավարության տվյալներով՝ այդ պայթյունները, հավանաբար, շարքից հանել են  էներգետիկ ենթակառուցվածքը:

Շվեդիայի իշխանությունները ձեռնպահ են մնացել կասկածյալի մասին հայտնելուց։ «Ընդլայնված վերլուծության ուղղությամբ աշխատանքը շարունակվում է, որպեսզի մենք կարողանանք ավելի հուսալի եզրակացություններ անել դեպքի վերաբերյալ», - ասել է Յունգվիստը:

Պայթուցիկ նյութերի հետքերի հայտնաբերման մասին շվեդական հետաքննության տվյալները հաստատում են Ռուսաստանի դիրքորոշումը։ Այս մասին հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԲԿ-ն։

 «Այն փաստը, որ սկսել են տվյալներ ստացվել դիվերսիոն կամ ահաբեկչական  գործողության հաստատման օգտին, եւս մեկ անգամ հաստատում է այն տեղեկությունը, որը եղել եւ կա ռուսական կողմի մոտ», — ասել է  Կրեմլի ներկայացուցիչը։