Շատ համայնքներում մշակութային օջախները հեռու  են բավարար լինելուց, այսօր` սեպտեմբերի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը: Նրա խոսքով` այս տարվա փետրվարին կառավարությունը պետական բյուջեի պահուստային ֆոնդից  10 մլրդ դրամ է հատկացրել համայնքներին, որի մի մասն ուղղվել է մշակույթին: «Հեռու ենք նրանից, որ ասենք խնդիրները լուծված են: Նախ` շենքային պայմանների, հետո` համապատասխան կադրերի ու սարքավորումների պակաս կա»,- ասաց Ա. Գեւորգյանը, սակայն նշեց, որ մարզային մշակույթը նույնիսկ այդ պայմաններում այնուամենայնիվ բարձր մակարդակի վրա է:

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի տեղեկացմամբ էլ այս տարի ավարտին է հասցվում թատրոնների հիմնանորոգման ծրագիրը, որ սկսվել էր 2-3 տարի առաջ: Դրա շրջանակներում վերանորոգվել են Արտաշատի, Գյումրիի, Գավառի եւ Վանաձորի թատրոնները: Հաջորդ ծրագիրը վերաբերում է համայնքային թանգարաններին, կվերանորոգվեն նաեւ համայնքային գրադարանները, ըստ հնարավորինս` նաեւ մշակույթի տները: