Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը սեպտեմբերի 5-ին բավարարել է ԼՂՀ ՊԲ N զորամասի զինծառայող Աղասի Գեղամի Աբրահամյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով ձերբակալված ժամկետային զինծառայողի նկատմամբ խափանման միջոցը կալանավորում կիրառելու մասին քննիչի միջնորդությունը:

Հայաստանի պաշտպանության նախարարության քննչական վարչությունից հայտնում են, որ ժամկետային զինծառայողին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 1-ին մասով (Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջեւ ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում) նախատեսված հանցագործություն կատարելու համար:

Հիշեցնենք, որ օգոստոսի 26-ին, ժամը 20:30-ի սահմաններում անգիտակից վիճակում զինվորական հոսպիտալ էր տեղափոխվել պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող, 18-ամյա  Աղասի Գեղամի Աբրահամյանը, որտեղ մեկ ժամ անց մահացել էր:  Զինվորի մահը մեծ հակազդեցություն էր առաջացրել հանրության շրջանում:

Հատկանշական է, որ ոչ այս դեպքում, ոչ նախորդ դեպքում, երբ նույն գործով կալանավորվեց բանակի մի սպա, նրանց նկատմամբ սպանության կամ սպանության հետ առնչություն ունեցող հոդվածներ չկիրառվեցին: Սպայի նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել «իշխանազանցության» հոդվածով, իսկ այսօր կալանավորվածի նկատմամբ` «կանոնագրքային կանոնները խախտելը» հոդվածով, որը նախատեսում է կալանք առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: