Անհետ կորած զինծառայողների հարազատներն այսօր՝ նոյեմբերի 21-ին, բողոքի ակցիա են կազմակերպել Ազատության հրապարակում:

Ակցիայի մասնակիցներից Ազատ Գեւորգյանը՝ անհետ կորած Կարեն Գեւորգյանի հայրը, պատմեց, որ որդին Հադրութում է ծառայել, հենց առաջին օրն է զոհվել. «Աբսուրդ հեքիաթներ են պատմել: Եթե առաջին օրը զոհված լիներ, կհանեին մարմինը: Թե ուր է, որտեղ է, ոչ մի բան չեն բացահայտում: Այսում են՝ զոհվել է, բայց ոչ դեպքի վայր կա, ոչ զոհված կա: Հետո այդ դեպքից հետո ամսի 3-ին 5 օր հետո տեսել են երեխուս Ֆիզուլի-Կարախանբելի հատվածում: Բա որ զոհվել է, ոնց են տեսել: Մեզ ասում են՝ քննություն է գնում, պարզում ենք, բացահայտում ենք: Երկու տարի քննություն է գնում, բա ո՞ւր է: Ինքը առաջին օրով չի կարող ոչ գերի ընկնի, ոչ զոհվի: Ես շատ բան եմ բացահայտել, իրենք սպեցյալնի երեխեքին տվել են, չգիտեմ: Մենակ իմ երեխան չի, էդ որ անհայտ են, բոլորին էլ տվել են»,-ասաց զոհվածի հայրը:

Նա հիշեցրեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գերիների հարազատներին հորդորում էր երկու ամիս համբերել. «Բա ո՞ւր է, արդեն մոռացել է: Մեզ ասում էին՝ որ դուրս եկաք, ցույց արեցիք, ի՞նչ օգուտ եք տալու, թողեք, մենք աշխատում ենք, բայց արի ու տես, որ չեն աշխատել»: