ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հանդիպել է իր ինդոնեզացի գործընկեր Պրաբովո Սուբիանտուի հետ, որպեսզի ամրապնդի պաշտպանական կապերը՝ Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում չինական ռազմածովային ակտիվության աճի պայմաններում, հայտնում է AP-ն։
Կողմերը քննարկել են երկու երկրների միջեւ գործընկերության խորացման ուղիները, այդ թվում՝ օպերատիվ համատեղելիության ընդլայնման եւ ռազմական կրթության ոլորտում ներդրումների ավելացման հաշվին։
«Միացյալ Նահանգները հպարտ է ձեզ հետ համագործակցելու համար, քանի որ մենք միասին աշխատում ենք ազատ եւ բաց Հնդկա-Խաղաղօվկիանոսյան մեր ընդհանուր տեսլականն առաջ մղելու համար»,- ասել է Օսթինը:
Սակայն Սուբիանտուն ընդգծել է Ինդոնեզիայի չեզոք դիրքորոշումը։ «Ես սիրում եմ ընդգծել, որ Ինդոնեզիան միշտ փորձում է հնարավորինս լավ հարաբերություններ պահպանել բոլոր երկրների, հատկապես բոլոր խոշոր տերությունների հետ»,- ասել է նա։
«Մենք հանդիպում ենք այն ժամանակ, երբ աշխարհը պայքարում է կանոնների վրա հիմնված միջազգային կարգի դեմ ոտնձգությունների, հատկապես Ուկրաինա Ռուսաստանի չհիմնավորված ներխուժման դեմ»,- ասել է Օսթինը:
Մինչ Ինդոնեզիան եւ Չինաստանն ընդհանուր առմամբ դրական հարաբերություններ են պահպանում, Ջակարտան մտահոգություն է հայտնել Հարավչինական ծովում իր բացառիկ տնտեսական գոտի Չինաստանի ներխուժման վերաբերյալ:
Սուբիանտուն ընդգծել է, որ Ինդոնեզիան Չինաստանին համարում է բարեկամ երկիր, եւ երկու երկրները կարող են հաղթահարել հնարավոր թյուրըմբռնումներն ու տարաձայնությունները տարածքային ջրերի շուրջ վեճերում։ «Մենք կարծում ենք, որ կարող ենք դրանք լուծել երկխոսության միջոցով»,- ասել է Սուբիանտուն: «Սակայն մենք ընդգծում ենք, որ Ինդոնեզիան կպաշտպանի իր ինքնիշխանությունն ու անկախությունը»։
Վաշինգտոնը նաեւ անվտանգության դաշինք ունի Ֆիլիպինների հետ եւ ամուր հարաբերություններ АСЕАН-ի մյուս անդամների հետ:





























