Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը վստահեցնում է, որ Բաքվին հաջողվել է կասեցնել Ֆրանսիայի եւ Հայաստանի սադրանքը Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում։
Նրա խոսքով՝ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակներում «վերջերս ծրագրվում էր կեղտոտ սադրանք Ադրբեջանի դեմ»։ Միաժամանակ նա վրդովվել է այն փաստից, որ Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, «ինչ-ինչ պատճառներով» այս կազմակերպության անդամ է։
Նա հայտարարել է, որ «այս սադրանքի» հեղինակը Ֆրանսիան է եղել, «որն այժմ հովանավորում է Հայաստանին»։ «Միմյանց (Ֆրանսիան եւ Հայաստանը) քույրեր են անվանում։ Նրանք կարող էին միմյանց եղբայր անվանել, բայց չգիտես ինչու քույր են ասում։ Գագաթաժողովում պատրաստված բանաձեւի նախնական տարբերակը հիմնված էր բացառապես հակաադրբեջանական թեզերի վրա եւ լիովին հակասում էր իրականությանը։ Բայց բոլոր հակաադրբեջանական թեզերը բացառվեցին Ֆրանկոֆոնիայի կազմակերպության մեր բարեկամների ջանքերի շնորհիվ՝ նրանք մեր բարեկամներն են բառիս բուն իմաստով»,- ասել է Ալիեւը։ Նրա կարծիքով, «ֆրանս-հայկական տանդեմը չի կարողացել օգտվել նաեւ այս հնարավորությունից»։
Նշենք, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրներն իրենց համերաշխությունն են հայտնել Հայաստանին՝ երկրի առջեւ ծառացած անվտանգության մարտահրավերների համատեքստում։ Թունիսում Ֆրանկոֆոն երկրների միջազգային կազմակերպության 18-րդ գագաթաժողովի ավարտին ընդունված բանաձեւը խորը մտահոգություն է հայտնում վերջին ռազմական էսկալացիայի (Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության դեմ), հատկապես դրա հետեւանքով միջազգային իրավունքի, տարածքային ամբողջականության եւ միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների կապակցությամբ։




























