Լեհաստանը եւ Գերմանիան պայմանավորվել են լրացուցիչ Patriot համակարգեր տեղադրել լեհ-ուկրաինական սահմանի մոտ, ասվում է Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակի հայտարարության մեջ։

«Գերմանիայի պաշտպանության նախարարը հաստատել է Ուկրաինայի հետ սահմանին Patriot համակարգեր տեղադրելու իր պատրաստակամությունը»,- գրել է Բլաշչակը Twitter-ում։ «Համակարգի տարբերակը դեռ պետք է որոշվի, ինչպես նաեւ, թե որքան արագ դրանք կհասնեն մեզ եւ որքան դա կտեւի»:

Բեռլինը Վարշավային առաջարկել է հակահրթիռային պաշտպանության Patriot համակարգ՝ նրա օդային տարածքի անվտանգությունն ապահովելու համար այն բանից հետո, երբ անցյալ շաբաթ երկրի տարածք մոլորված հրթիռ էր ընկել:

Գերմանիայի կառավարությունն արդեն հայտարարել է, որ միջադեպից հետո իր արեւելյան հարեւանին գերմանական Eurofighters կործանիչների միջոցով օդային տարածքը պաշտպանելու հետագա օգնություն կառաջարկի: