Թուրքիայում Շվեդիայի դեսպանին ԱԳՆ են կանչել՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին «վիրավորող» նկարների համար։
Էրդողանի եւ քուրդ ապստամբների պատկերը ցուցադրվել է Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան շենքի վրա։
Դեսպան Ստաֆան Հերսթրոմին կանչել են Թուրքիայի ԱԳՆ, որտեղ պաշտոնյաները դատապարտել են միջադեպը, հետաքննության կոչ են արել եւ կրկին Ստոկհոլմից պահանջել են «կոնկրետ քայլեր» ձեռնարկել այն խմբերի դեմ, որոնց Թուրքիան անվտանգության սպառնալիք է համարում:
Շվեդիան եւ Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ են ներկայացրել այս տարի։ Սակայն ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան դեռ հավանություն չի տվել նրանց անդամակցությանը, ինչի համար անհրաժեշտ է դաշինքի գործող անդամների միաձայն հավանությունը։
Էրդողանի կառավարությունը ճնշում է գործադրում երկու երկրների վրա, որպեսզի նրանք լուծեն իր կողմից «ահաբեկիչ» համարվող անձանց, այդ թվում՝ Քրդստանի աշխատավորական կուսակցության եւ իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի շարժման կողմնակիցների հարցը։ Վերջինիս Անկարան մեղադրում է 2016 թվականի ձախողված հեղաշրջման կազմակերպման մեջ:
Այս ամսվա սկզբին Շվեդիայի նոր վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնը այցելել էր Թուրքիա եւ խոստացել աշխատել Թուրքիայի «ահաբեկչական» սպառնալիքներին դիմակայելու ուղղությամբ։





























