Իրանին զինադադարի առաջարկ արած PJAK-ը (Քուրդիստանի ազատ կյանք) սեպտեմբերի 5-ից միակողմանի զինադադար է հայտարարել:

Քրդական Firat գործակալության փոխանցմամբ` PJAK-ի տարածած հայտարարության մեջ նշվել է, թե իրենք սեպտեմբերի 4-ին զինադադարի առաջարկ են արել Իրանին եւ այդ մասին տեղեկացրել պատասխանատուներին: « Արդեն կսպասենք Իրանի պահվածքին: Սրանից հետո ծագած պատերազմի պատասխանատուն կլինի Իրանը: Ինչպես միշտ մենք պատրաստ ենք քրդական խնդիրը կարգավորել խաղաղ ճանապարհով»,-նշվել է PJAK-ի հայտարարության մեջ:

Նշենք, որ Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի մամուլի խոսնակ, գնդապետ Համիդ Ահմեդը հայտարարել է, թե PJAK-ի առաջարկը՝ զինադադար կնքել, անկեղծ չէ։  Իրանցի գնդապետը շեշտել է, թե պահապանների կորպուսը երբեք PKK-PJAK-ի հետ բանակցությունների չի նստի, իսկ զինադադարը կլինի, եթե PJAK-ի քուրդ զինյալները հեռանան Իրանի տարածքից։

Հիշեցնենք, որ իրանի զինուժը սեպտեմբերի 2-ից սկսել է ցամաքային ռազմական գործողություններ Հյուսիսային Իրաքում գտնվող PJAK-ի զինյալների դեմ։  PKK-ն իր հերթին հայտարարություն է տարածել, թե Իրանի դեմ պայքարում իրենց զինյալները կմիանան PJAK-ին։