Արցախում Սահմանադրական բարեփոխումների գործընթացը գրեթե մեկ տարի է, որ իրականացվում է եւ մենք ընդհանրապես, Սահմանադրության փոփոխությունների մասին սկսեցինք խոսել հենց պատերազմից հետո: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը:
«Հասկանալի է, որ նման մասշտաբի պատերազմական գործողություններից հետո, երբ կորցնում ես տարածքների գրեթե 75 տոկոսը, եւ կարծես թե ամեն ինչ գլխիվայր շրջվում է, հասկանալի է, որ այդ երեւույթներին պետք է համահունչ արձագանքի նաեւ երկրի Սահմանադրությունը:
Առաջին խնդիրը, որ մեր աչքին զարնում էր, կառավարման համակարգն էր, մասնավորապես, նախագահական ինստիտուտի եւ ԱԺ-ի շաղկապված լինելը: Ներկայիս Սահմանադրությամբ նախագահի եւ ԱԺ-ի համապետական ընտրությունները պետք է կայանան նույն օրը, եւ եթե մի ինստիտուտը հրաժարական է տալիս, համապատասխանորեն մյուսը նույնպես կամ ինքնալուծարվում կամ հրաժարական է տալիս: Ուստի այդ ուղղությամբ սկսեցինք աշխատանքներ իրականացնել:
Ես ինքս ընդգրկված եմ եղել այդ հայեցակարգային հանձնաժողովում, որտեղ ներկայացված էին ԱԺ-ի բոլոր 5 քաղաքական ուժերը: Աշխատանքները կատարվել են այդ հանձնաժողովում, հիմնական փոփոխությունները վերաբերել են կառավարման համակարգին»,-ասաց նա:
Հակոբյանը հավելեց, որ նոր Սահմանադրության նախագծով նախատեսվում է անցում կատարել կիսանախագահական կառավարման համակարգի. «Շատ կարեւոր կետերից է նաեւ այն, որ նախագծում ֆիքսվում են երկրի ԱԺ-ի եւ նախագահի արտահերթ ընտրությունների անցկացումը: Պատերազմից հետո առաջիններից մեկը մեր քաղաքական ուժն էր, որ հայտարարեց, որ ներկայումս գործող ԱԺ-ն ու նախագահը չեն համապատասխանում հասարակական այն կարծիքին, որը ձեւավորվել է պատերազմից հետո:
Մեզ համար շատ կարեւոր նշանակում ունեն նախագահի եւ ԱԺ արտահերթ ընտրությունները, որը պետք է ամրագրվի սահմանադրական փոփոխությունների փաթեթի մեջ, որպեսզի հասարակությունը պատերազմից հետո կարողանա իր արդեն փոփոխված կարծիքն ասել: Այս պահի դրությամբ սահմանադրական բարեփոխումները միայն օգուտ են բերելու Արցախի Հանրապետությանը:
Բացի այդ, դրանով Արցախը եւս մեկ անգամ ցույց կտա համայն աշխարհին, որ կայացած պետություն է, որտեղ իրականացվում են նաեւ ընտրական գործընթացներ»,-ասաց ընդդիմադիր գործիչը:
Բացի այդ երկու կարեւոր փոփոխություններից, ըստ նրա, նախագծում կան նաեւ որոշակի փոփոխություններ եւ դատական համակարգում, եւ նախագահին կից մարմիններում. «Օրինակ, մենք առաջարկել ենք, որ Անվտանգության խորհուրդը դառնա սահմանադրական մարմին, եւ օրենքով սահմանվի, թե ինչով պետք է զբաղվի, ինչ գործառույթներ պետք է ունենա այդ կառույցը:
Հենց այս փոփոխությունները միտված են այդ վտանգը կանխելուն, որովհետեւ գործող Սահմանադրությամբ նախատեսված է, որ եթե գործող նախագահը հրաժարական է տալիս, ավոտմատ կերպով լուծարվում է նաեւ ԱԺ եւ նշանակվում են նոր ընտրություններ այդ երկու մարմինների համար: Սա էր պատճառը, որ 2020-ի պատերազմից հետո մեր քաղաքական ուժը նախագահի հրաժարականի հարց բարձրացրեց, մեզ բազմաթիվ ուժեր քարկոծում էին՝ նշելով, որ նախագահի հրաժարականի դեպքում փլուզվելու է նաեւ ԱԺ-ն եւ կործանվելու են այդ ինստիտուտները: Այս ռիսկերը մեղմելու համար մենք փորձում ենք սահմանադրական բարեփոխումներն իրականացնել»:
Հակոբ Հակոբյանը սահմանադրական փոփոխությունները, ապա նաոեւ նախագահի ու ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացումը կարեւորեց նաեւ մեկ այլ տեսանկյունից. «Գործող նախագահի լիազորություններն ավարտվում են 2025 թվականին, իսկ 2025-ը շատ մեծ նշանակություն ունի Արցախի համար (2025-ին լրանում է ռուս խաղաղապահների Արցախում տեղակայման 5-ամյա ժամկետը-խմբ): Արտահերթ ընտրությունները կենսական նշանակություն ունեն Արցախի համար, որպեսզի դրանք լինեն ավելի շուտ, քան 2025 թվականը:
Պետք է Արցախի նախագահի եւ ԱԺ ընտրություները կազմակերպվեն որքան հնարավոր է շուտ, արհեստական խոչընդոտներ չմտցվեն, որովհետեւ էական չէ, թե դա որ օրն ես կատարում, էականն այն է, թե ինչ փոփոխություններ ես կատարում: յստեղ որեւէ քաղաքական շահարկման հարց չպետք է լինի, որովհետեւ դա վերաբերում է ամբողջ Արցախին:
Բոլորն են հասկանում, որ մենք 2025 թվական պետք է մտնենք ավելի երկար ժամանակահատված ունեեցող եւ նախագահով, եւ ԱԺ-ով»,-ընդգծեց նա:




























