Ռուսաստանը չի հրավիրվի Մյունխենի անվտանգության ամենամյա համաժողովին, որը կանցկացվի 2023 թվականի փետրվարին, հայտարարել է ֆորումի նոր նախագահ, գերմանացի դիվանագետ եւ նախկին կանցլեր Անգելա Մերկելի նախկին խորհրդական Քրիստոֆ Հոյսգենը, գրում է Deutsche Welle-ն։
«Ռուս պաշտոնյաները հրավիրված չեն 2023 թվականի համաժողովին։ Մենք նրանց քարոզչության հարթակ չենք տրամադրի։ Մենք ցանկանում ենք քննարկել Ռուսաստանի ապագան ռուսական ընդդիմության եւ վտարանդիների առաջնորդների հետ. ՆՐԱՆՑ ձայնը պետք է լսված լինի եւ ուժեղ»,- գրել է Հոյսգենը Twitter-ի իր միկրոբլոգում։
Մյունխենի համաժողովը միջազգային անվտանգության ամենահեղինակավոր համաժողովներից մեկն է, որին մասնակցում են տասնյակ երկրների պետությունների, կառավարությունների ղեկավարներ, նախարարներ, հայտնի քաղաքական եւ հասարակական գործիչներ՝ տասնյակ երկրներից։ Համաժողովի կայքում ասվում է, որ մասնակիցները հնարավորություն կունենան գնահատել «դաշինքի համախմբվածության աստիճանը եւ քաղաքական նվիրվածությունը օրենքի գերակայության վրա հիմնված միջազգային կարգին»:


























