Իրանի իսլամական հանրապետությունը հայց է ներկայացրել Միջազգային դատարան` կապված նրա հետ, որ Ռուսաստանը հրաժարվել է С-300 զենիթա-հրթիռային համակարգեր տրամադրել Իրանին: Այդ մասին հայտնել է ԻԻՀ-ի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին, հաղորդում է Mehr տեղեկատվական գործակալությունը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին Ռուսաստանում Իրանի դեսպան Մահմուդ Ռեզա Սաջադին Մոսկվայում ասուլիսի ժամանակ հայտարարել է. «Իրավական տեսանկյունից մենք գտնում ենք, որ С-300-ի մատակարարումը չի մտնում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւի մեջ: Մենք դատական հայց ենք ներկայացրել, որպեսզի դատարանի որոշումն օգնի Ռուսաստանին` իրականացնել այդ մատակարարումները, որ Ռուսաստանը իրավական հաղթաթուղթ ունենա»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հրաման է ստորագրել «1929 թ.-ից մինչեւ 2010 թ. հունիսի 9-ը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի իրագործման մասին»: Հրամանում, մասնավորապես, արգելվում է Ռուսաստանի տարածքով (այդ թվում օդային ճանապարհով) Ռուսաստանից Իրան ռազմական ինքնաթիռների, ուղղաթիռների, ռազմանավերի, հռթիռների կամ հրթիռային համակարգերի, ինչպես նաեւ С-300 զենիթա-հրթիռային համակարգերի փոխադրումը:




























