«ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը Beeline) հայտարարում է «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամի հետ համագործակցության երկարաժամկետ ծրագրի մեկնարկի մասին: Հիմնադրամը ստեղծված է Ա.Խաչատրյանի անվան եռյակի երաժիշտների կողմից, ովքեր վերջին տարիներին չեն սահմանափակվում միայն համերգներով, այլեւ իրականացնում են բարեգործական եւ սոցիալական գործունեություն Երեւանում եւ, հատկապես, Հայաստանի մարզերում:
«ԱրմենՏելի» մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «ԱրմենՏելի» եւ «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամի համագործակցության շրջանակում Հայաստանի մարզերում կբացվեն թավջութակի դասարաններ, կանցկացվեն եռյակի համերգներ եւ վարպետության դասեր, առավել տաղանդավոր եւ հեռանկարային աշակերտներին կտրամադրվեն կրթաթոշակներ: Երեւանում Հիմնադրամի կողմից կկազմակերպվեն երաշժտա-կրթական նախագծեր:
«Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդամ Կարեն Շահգալդյանը նշել է. «Մենք ուրախ ենք համագործակցել «ԱրմենՏել» ընկերության հետ, քանի որ նման գործընկերոջ առկայությունը թույլ է տալիս Հայաստանում սահմանել դասական երաժշտության ու բիզնեսի փոխգործակցության շատ բարձր մակարդակ: Հովանավորվող նախագծերի հանդեպ մեր գործընկերոջ բծախնդիր մոտեցումը թույլ կտա մեր Հիմնադրամի գործունեությունը բարձրացնել նոր մակարդակի վրա»:
Նշենք, որ վերջին տարվա ընթացքում Ա. Խաչատրյանի անվան եռյակի երաժիշտները հանդես են եկել ավելի քան 40 համերգներով Հայաստանում եւ արտասահմանում, ելույթ ունենալով, մասնավորապես` Անգլիայում, Ավստրալիայում, Բուլղարիայում, Մոլդովայում եւ Ռուսաստանում:




























