«Յուքոմ» եւ «Նեթսիս» ինտերնետ պրովայդերները միավորվում են։ Այս մասին այսօր` սեպտեմբերի 6-ին հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեցին երկու ընկերությունների ղեկավարները։ Ընկերությունների միավորման հիմնական նպատակն է կորպորատիվ ծառայությունների, մասնավորապես՝ վեբկայքերի տեղակայման (հոսթինգ) ծառայությունների նոր որակ եւ հզորություններ ունենալը:

«Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանի խոսքով` միավորման արդյունքում նախատեսվում է ինտերնետ կապի արագացում:

«Միավորումը մեզ հնարավորություն կտա որոշ ռեսուրսներ տնտեսել, իսկ արդյունքում ցանցի արագության բարձրացում է սպասվում:

Սակագները չեն փոխվի, փոխարենը ինտերնետ կապի արագությունը կավելանա առնվազն 1.5-2 անգամ»,-ասաց Հ. Եսայանը: Նա միավորումն անվանեց «Յուքոմի» գերարագ ցանցի եւ «Նեթսիսի» կորպորատիվ բաժանորդների ու որակյալ հոսթինգ-ծառայությունների մատուցման 11 տարվա գործունեության համատեղում: Հ. Եսայանի խոսքով` «Յուքոմը» նպատակ ունի ստեղծել նպաստավոր պայմաններ, որպեսզի հայկական վեբկայքերի սեփականատերերը շահագրգռված լինեն տեղակայել դրանք Հայաստանում:

«Նեթսիս» ընկերության տնօրեն Գեւորգ Գեւորգյանի խոսքով` միավորումը ձեռնտու է նաեւ նրանց համար, քանի որ արդյուքնում` իրենց բաժանորդները կօգտվեն ավելի բարձրորակ ինտերնետ ծառայություններից:

«Սա նորմալ գործընթաց է արտերկրում, երբ ինտերնետ մատակարարող ընկերությունները միավորվում են: Այս պարագայում մեր միավորման արդյունքում մեր ընկերության մասնագետների վերջին 10-11 տարիների ընթացքում ձեռք բերված փորձը փորձելու ենք ծառայեցնել նույն բաժանորդների շահերին պարզապես «Յուքոմ» ընկերության կազմում»,-ասաց Գ. Գեւորգյանը:

Նշենք, որ միավորման գործընթացը եւ ընկերությունների տեխնիկական հզորությունների ինտեգրման գործընթացը կտեւեն շուրջ 6 ամիս:

Ընկերությունները կմիավորվեն «Յուքոմ»-ի բրենդի ներքո: «Յուքոմ»-ի տնօրեն Հայկ Եսայանի խոսքով սակայն երկու ընկերությունների միավորման հետեւանքով մենաշնորհ չի ձեւավորվի, քանի որ այսօր դաշտում գործում են եւս չորս խոշոր ընկերություններ:

Տեղեկացնենք, որ «Յուքոմ» ընկերությունը հիմնադրվել է 2007 թ. եւ իրենից ներկայացնում է հեռահաղորդակցման ծառայություններ մատուցող կազմակերպություն: Ներկայումս ընկերության ֆիզիկական բաժանորդների թիվը հասնում է 10 հազարի, իսկ կորպորատիվ բաժանորդների քանակը 1200 եւ ավելի է:

«Նեթսիս» ՍՊԸ-ն հայ-Ամերիկյան համատեղ ձեռնարկություն է, որն առաջարկում է ինտերնետ ծառայությունների ամբողջական փաթեթ Հայաստանի տարածքում: Ընկերությունը մասնավոր սեկտորում հիմնականում աշխատում է կորպորատիվ սեգմենտի բաժանորդների վրա։

Ներկայումս «Նեթսիսը» ունի 2,5 - 3 հազար բաժանորդ։