Միջազգային ռեյտինգավորման ցուցանիշներով ԵՊՀ-ն տարածաշրջանի առաջատար բուհն է: Այդ մասին են վկայում «Webometrics Ranking of World Universities»-ի հրապարակած արդյունքները: Բուհական ռեյտինգներ շատ կան, սակայն դրանց շարքում մի քանիսն առանձնանում են առավել բարձր հեղինակությամբ եւ վստահությամբ: Դրանցից 3-ի («Շանհայի», «Թայմսի», «QS-ի» ռեյտինգներ) հետ ԵՊՀ-ն առայժմ չի առնչվում, որովհետեւ ինչպես Մայր բուհը, այնպես էլ հայաստանյան մյուս բարձրագույն հաստատություններն այսօրվա դրությամբ այդ ռեյտինգներում հայտնվելու համար չունեն համապատասխան ցուցանիշներ:

Վերոնշյալ ռեյտինգներն առանձնացնում են աշխարհի 100-500 լավագույն համալսարանները: Նշենք, որ նախկին ԽՍՀՄ տարածքից նրանց ցուցակներում հայտնվում են միայն Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական եւ Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանները:

«Webometrics»-ը, որի ցուցանիշներին հետեւում է ԵՊՀ-ն, աշխարհի լավագույն ռեյտինգավորողներից մեկն է: Այն ռեյտինգավորում է աշխարհի շուրջ 20.000 համալսարաններ, որոնցից շուրջ 5000-ը եվրոպական են, 6000-ը` ասիական, 7000-ը` ամերիկյան եւ այլն:

Հաշվի են առնվում հիմնական 4 չափանիշներ` պաշտոնական կայքի էջերի քանակը որոնման Google.com, Yahoo.com, Live.com (msn), Exalenq.com կայքերում, այլ ռեսուրսներից դեպի բուհի պաշտոնական կայք կատարված արտաքին հղումների քանակը, կայքում Adobe Acrobat (pdf), Adobe PostScript (ps), Microsoft Power point (ppt) ձեւաչափով առկա փաստաթղթերի քանակը, ցիտման ինդեքսը (այսինքն` բուհի գիտնականների աշխատանքներին արված հղումները):

«Եթե առաջին երեք չափանիշները նկարագրում են բուհի պաշտոնական կայքը, ապա 4-րդը ռեալ խոսում է պրոֆեսորադասախոսական կազմի պոտենցիալի մասին, այսինքն` ինչքանով են նրանց հետազոտական աշխատանքները տեսանելի համացանցում»,- մեկնաբանում է ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը:

Մեկ տարի առաջ ԵՊՀ-ն զբաղեցնում էր 4392-րդ տեղը, այս տարվա սկզբին` 4651-րդ տեղը, իսկ այս ամռանը այդ ցուցանիշը հասել է 2856-ի, եւ ԵՊՀ-ն հայկական բուհերի մեջ դարձել է առաջատարը: Մերջբերման ինդեքսի ցուցանիշով մեր համալսարանը զբաղեցնում է 1051-րդ տեղը 20.000 համալսարանների շարքում:

Ադրբեջանի ամենաբարձր վարկանիշ ունեցող «Khazar University»-ն զբաղեցնում է 6211-րդ տեղը, Բաքվի պետական համալսարանը` 11736-րդ տեղը, իսկ Վրաստանի առաջատար «Ilia State University»-ն հայտնվել է 5915-րդ հորիզոնականում: Նշենք, որ հարեւան երկրների ազգային համալսարաններն իրենց վարկանիշով զգալիորեն զիջում են մասնավորներին: