Պետական արգելոցների կառավարման մոդելն առաջիկայում փոփոխություններ կկրի: Կառավարության պաշտոնական կայքէջում տեղակայված տեղեկատվության համաձայն` բնապահպանության նախարարությունն առաջարկել է կառավարությանը` պետական արգելոցներում ստեղծել հատուկ խորհուրդներ` բավական լայն լիազորություններով: Հարցը ներառվել է կառավարության սեպտեմբերի 8-ի նիստի օրակարգում:
Խնդիրը վերաբերում է ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայությամբ գործող «Արգելոցապարկային համալիր», «Խոսրովի անտառ» պետական արգելոց», «Շիկահող» պետական արգելոց», «Արփի լիճ» ազգային պարկ», «Արեւիկ» ազգային պարկ», «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առեւտրային կազմակերպություններին: Դրանք ներկայում կառավարվում են տնօրենի կողմից (կառավարման կոլեգիալ մարմին չկա): Սակայն նորաստեղծ խորհուրդները, որոնց կազմում հավանաբար կընդգրկվեն նաեւ արգելոցների հարակից համայնքների ղեկավարները, կօժտվեն տնօրենի գործունեությունը վերահսկելու լիազորություններով: Մասնավորապես` խորհուրդը իրավասու կլինի համաձայնություն տալ ազգային պարկի կամ արգելոցի հողամասերի վարձակալությանը եւ կառուցապատմանը, կսահմանի շահույթի տնօրինման ուղղությունները եւ այլն:




























