Հայաստանի մշակույթի նախարարությունն  արդեն կազմել է այն գրողների եւ գրքերի ցանկը, որոնց պետական բյուջեից գումար կհատկացվի` հրատարակման նպատակով: Ցանկը, ըստ կառավարության պաշտոնական կայքէջի, ներառվել է կառավարության սեպտեմբերի 8-ի նիստի օրակարգում:

Ընդհանուր առմամբ` պետական բյուջեից 28.8 մլն դրամ է հատկացվել հայ գրողների գրքերը հրատարակելու համար: Աջակցություն ստացող գրականության ցանկը մշակվել է ՀՀ մշակույթի նախարարության կողմից` Հայաստանի գրողների միության հետ համատեղ: Դրանում ընդգրկվել են ինչպես հայ դասականներ (Համո Սահյան, Եղիշե Չարենց), այնպես էլ արտասահմանցի հեղինակների գրքեր (Գյոթե, Անաստասիա Ցվետաեւա եւ Նիլ Սարաջև, Իվ Բոնֆուա, Ռաբինդրանաթ Թագոր):

Ժամանակակից հայ ստեղծագործողներից օգնություն կստանան Մետաքսեն, Հրաչյա Թամրազյանը, Դավիթ Հովհաննեսը, Արմեն Հովհաննիսյանը եւ այլն: