Ակտիվիստ Մարիամ Սուխուդյանն սպառել է դատական բոլոր ներքին ատյանները եւ մտադիր է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Այս մասին հայտնում է «Մարդու իրավունքները Հայաստանում» քաղաքացիական հասարակության ինստիտուտը։

Հիշեցնենք, որ Մարիամ Սուխուդյանն անմեղության կանխավարկածի խախտման արդյունքում հասցված բարոյական վնասի համար ոստիկանությունից 1 մլն դոլար փոխհատուցում էր պահանջել։ Հայաստանի դատարանները նրա հայցը անհիմն էին համարել։

Նուբարաշենի հատուկ դպրոցում մանկապիղծ ուսուցչի մասին բարձրացված 2009 թվականի աղմուկից հետո Մարիամ Սուխուդյանի դեմ քրեական գործ էր հարուցվել «զրպարտություն» հոդվածով։

Նախաքննական փուլում Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հրապարակայնորեն հայտարարել էր, որ Մարիամ Սուխուդյանը հանդես է եկել անհիմն մեղադրանքով, զրպարտել է անմեղ մարդկանց։ Ոստիկանության այն ժամանակվա հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Սայաթ Շիրինյանը Սուխուդյանին «հանցագործ» էր անվանել։