«Ամերիկան, մեղադրելով այլ պետություններին ահաբեկչությանը օժանդակելու մեջ, հետապնդում է իր սեփական հետաքրքրությունները, եւ ինքն է համակողմանի օգնություն տրամադրում ահաբեկչական խմբավորումներին»: Այդ մասին Աթենքում տեղի ունեցած ասուլիսում հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարասթը, հաղորդում է SalamNews-ը` վկայակոչելով IRNA-ն:
«Բարաք Օբաման իր նախընտրական ծրագրում խոստացել է այդ ուղղությամբ փոխել իր նախորդի քաղաքականությունը: Բայց մենք տեսնում ենք, որ այսօր ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գիծը փոփոխություններ չի կրել: Ամերիկան առաջվա պես իրականացնում է այլ պետությունների ներքին գործերին միջամտելու զավթողական քաղաքականություն եւ սերտորեն համագործակցում է հանցավոր խմբավորումների հետ»,-ասել է Մեհմենփարասթը:
Նրա խոսքով, ԱՄՆ-ը մինչեւ վերջին ժամանակներն օժանդակում էր Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի բռնապետական վարչակարգերին, այդ թվում Հոսնի Մուբարաքին: «Համոզվելով, որ այդ ուղղությամբ տարվող ջանքերն ապարդյուն են, ԱՄՆ-ը հեշտությամբ երես թեքեց նրանից եւ դադարեց օգնություն ցույց տալ»:




























