Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցչի պաշտոնում նշանակված Ֆիլիպ Լեֆորը (Phillip Lefort) կնպաստի Հայաստան-ԵՄ հարաբերությունների առավել ամրապնդմանը: Այս մասին այսօր` սեպտեմբերի 7-ին, հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ով իր նստավայրում ընդունել է  Լեֆորին:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները մշտապես հանդիսացել են Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնային ուղղություններից եւ առանձնակի ուշադրության են արժանացել Հայաստան-ԵՄ  փոխգործակցության շրջանակներում ներառված բոլոր բնագավառները, որի արդյունքում կողմերը տարեցտարի արձանագրում են նորանոր ձեռքբերումներ` հարաբերություններին հաղորդելով նոր որակ:

Ֆիլիպ Լեֆորն իր հերթին եւս գոհունակություն է հայտնել Հայաստան-ԵՄ դինամիկ զարգացող հարաբերություններում համագործակցության նոր հեռանկարների բացման կապակցությամբ:

Զրուցակիցները անդրադարձել են Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ Արեւելյան գործընկերության շրջանակներում ընթացող բանակցություններին, նշելով, որ վերջին շրջանում զգալի առաջընթաց են արձանագրել: Էդվարդ Նալբանդյանն ու Ֆիլիպ Լեֆորն անդրադարձել են նաեւ Ասոցացման համաձայնագրի շուրջ ընթացող բանակցություններին եւ քննարկել մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման եւ խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման վերաբերյալ բանակցությունների մեկնարկի նախապատրաստական աշխատանքներին:

Կողմերը կարեւորել են սեպտեմբերի վերջին Վարշավայում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթաժողովի անցկացումը եւ անդրադարձան դրա նախապատրաստմանը:

Զրուցակիցները քննարկել են արցախյան հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումները: Այս ենթատեքստում Ֆիլիպ Լեֆորը ԵՄ անունից աջակցություն հայտնեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո հիմնախնդրի խաղաղ կարգավորման ջանքերին: