Արդեն հայտնի են 2010թ. «Լավագույն գիտական աշխատանք» ամենամյա մրցանակաբաշխության հաղթողների անունները: Նրանց անունները այսօր՝ սեպտեմբերի 7-ին հրապարակվեցին ՀՀ ԳԱԱ նախագահությունում։ Այսպես հայտարարված 14 անվանակարգերում ներկայացվել են 37 գիտական հոդվածաշարներ, մենագրություններ։ Մրցույթին մասնակցել են մինչեւ 35 տարեկան երիտասարդ գիտնականներ, որոնց գնահատել են ակադեմիկոսներ, բուհական համակարգի եւ ճյուղային գիտության ներկայացուցիչներ:
Հաղթողների թվում են` Տաթեւիկ Շախկուլյանը (Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա)՝ Կոմիտասի մասին հոդվածաշարի համար «Արվեստ, լեզու եւ գրականություն» անվանակարգում, Անահիտ Մենեմշյանը(ԵՊՀ)՝ «Le Monde» եւ հայ իրականությունը» աշխատության համար «Հայագիտություն եւ ազգագրություն» անվանակարգում: Արման Եղիազարյան(ԵՊՀ)` «Հայ Բագրատունիների տերության պատմության եւ պատմական աշխարհագրության հարցեր» հոդվածաշարի համար «Պատմություն» անվանակարգում եւ այլոք:
ՀՀ ԳԱԱ «Գիտության զարգացման հիմնադրամի» տնօրեն Հրանտ Մաթեւոսյանի խոսքով` բոլոր 14 անվանակարգերում հաղթողները կստանան հատուկ պատվոգրեր եւ 600 հազ. դրամ մրցանակ: Նրա գնահատմամբ` տարեցտարի մրցույթում ներկայացվող աշխատանքների որակը գնալով բարձրանում է:
«Այս խրախուսանքը կարող է խթան հանդիսանալ, որպեսզի երիտասարդ գիտնականները ավելի ակտիվ աշխատեն»,-ասաց Հ. Մաթեւոսյանը` նշելով, որ այս ամենը իրականացվում է, որպեսզի երիտասարդները իրենց գիտական գործունեության ապագան կապեն Հայաստանի հետ:
Հ. Մաթեւոսյանը նշեց, նաեւ որ հնարավոր է ժամանակին զուգընթաց ավելանան նաեւ մրցանակաբաշխության անվանակարգերը, դրանց ոլորտները հնարավոր է նաեւ փոխվեն` անվանակարգերը ժամանակին համահունչ դարձնելու համար:
Նշենք, որ մրցույթն ավանդաբար անցկացվում է 2008թ-ից ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի, Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի կողմից:Նշենք, որ մրցանակները հաղթողներին կհանձնվեն հոկտեմբերին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում։




























