Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանն այսօր` սեպտեմբերի 7-ին, իր հավատարմագրերն էհանձնել Չեխիայի նախագահ Վացլավ Կլաուսին:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո առանձնազրույց է տեղի ունեցել նախագահ Կլաուսի եւ ՀՀ դեսպանի միջեւ: Նախագահ Կլաուսը, շնորհավորելով դեսպան Սեյրանյանին նշանակման կապակցությամբ, գոհունակություն է հայտնել երկու երկրների միջեւ ձեւավորված բարեկամական հարաբերությունների առնչությամբ:
Չեխիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի նորանշանակ դեսպանն իր կարեւոր ներդրումը կունենա չեխ-հայկական համագործակցության առավել ամրապնդման գործում:
Դեսպան Սեյրանյանը շնորհակալություն է հայտնել Պրահայի ամրոցում ջերմ ընդունելության համար եւ պատրաստակամություն հայտնել ջանքեր չխնայել երկու պետությունների միջեւ բազմակողմ հարաբերությունների զարգացման համար: Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ հայ-չեխական տնտեսական համագործակցությանը, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ տարածաշրջանային խնդիրներին:




























