Վրացի ռեժիսոր Ռոբերտ Ստուրուան, ով «այլատյաց արտահայտությունների համար» ազատվել է Ռուսթավելիի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից, հրաժարվում է վերադառնալ թատրոն եւ շարքային ռեժիսորի կարգավիճակով այնտեղ բեմադրություն անել, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
«Սկզբում ինձ վռնդեցին թատրոնից, իսկ հիմա առաջարկում են երկու բեմադրություն եւ մեծ փողեր, բայց միթե ես դադարել եմ այլատյաց լինել: Ես հերոս չեմ, ես մարդ եմ, ազատ մարդ, ուստի պետք է հարգես ինքդ քեզ եւ չանես քայլեր, որոնք բիծ կթողնեն քո խղճի վրա»,- սեպտեմբերի 7-ին լրագրողներին հայտարարել է Ստուրուան:
«Դա մոտավորապես նույնն է, որ սիրախաղ ես անում կույսի հետ, իսկ սեռական կապից հետո ասում. «Հեռացիր, դու փչացած ես»: Եթե ես վերադառնամ թատրոն, ես կվերադառնամ անպատիվ կերպով: Ինձ նվաստացրել ենմեղադրել են ռասիզմի մեջ, իսկ հիմա խնդրում են, թե «Վերադարձիր, մենք քեզ լավ կվարձատրենք»,-ռեժիսորի խոսքերն է մեջբերել «Գռուզիա Online»-ը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ վրացի ռեժիսորն ազատվել էր աշխատանքից Թբիլիսիի դրամատիկ թատրոնից: Օգոստոսի 17-ին Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարար Նիկոլոզ Ռուրուան հայտարարել էր, թե Ստուրուան հեռացվել է այլատյաց արտահայտությունների համար:
Ստուրուան իր ստեղծագործական երեկույթի ժամանակ հայտարարել էր, թե «չի ցանկանում, որ Վրաստանի նախագահ լինի այլ ազգի ներկայացուցիչը»: Ըստ ռեժիսորի, նա ցանկանում է, որ երկրի նախագահ լինի վրացին, այլ ոչ թե հայը, որպիսին Միխայիլ Սահակաշվիլին է: Նա նաեւ իշխանություններին «կիսադենեգերատ» էր անվանել:
Մինչդեռ վրացի հայտնի ռեժիսորը համոզված է, որ իր կողմից հնչեցված արտահայտությունները չէին կարող պատճառ դառնալ Թբիլիսիի դրամատիկական թատրոնից իրեն վտարելու համար:
«Եթե ուշադրություն դարձնեք իմ արտահայտություններին, ապա դրանք չեն կարող դառնալ ինձ պաշտոնանկ անելու պատճառ: Ինձ աշխատանքից ազատել են իմ արմատական եւ ծայրահեղական հայտարարությունների համար, քանի որ մեր իշխանությունները քննադատություն չեն սիրում: Ինչ վերաբերում է իմ հայտարարությանը, որտեղ ես հայտնում եմ, որ չէի ցանկանա, որ իմ նախագահը հայ լիներ, ապա ես դա վիրավորական չեմ համարում: Եթե ինչ որ հայ կամ ռուս երազում է, որ իր նախագահը վրացի լինի, ապա ես ներողություն կխնդրեմ»:



























