ԵՄ-ի հետ համագործակցությունը Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայություններից է: Այս մասին հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը` Հարավային Կովկասում ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորի հետ հանդիպման ժամանակ:
ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ԱԺ նախագահը շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ եւ համոզմունք հայտնել, որ նրա` տարբեր պաշտոններում ձեռք բերված դիվանագիտական փորձը կնպաստի ԵՄ-Հայաստան համագործակցության զարգացմանն ու տարածաշրջանային հակամարտությունների կարգավորմանը: Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել Հայաստան -Եվրամիություն հարաբերությունները եւ կարեւորել դրանց հետագա զարգացումը: Նա նշել է, որ ԵՄ-ի հետ համագործակցությունը Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայություններից է, որը վերջին տարիներին ակտիվորեն զարգանում է, ինչի վկայությունն են նաեւ բարձր մակարդակի փոխայցելությունները:
Ֆիլիպ Լեֆորը շնորհակալություն է հայտնել ՀՀ Ազգային ժողովում հյուրընկալվելու համար եւ կարեւոր համարել իր պաշտոնավարելու ընթացքում ակտիվ մասնակցությունը տարածաշրջանային խնդիրների լուծմանը: Զրուցակիցներն ընդգծել են խորհրդարանների կարեւոր դերը այդ գործընթացներում:
Անդրադարձ է կատարվել նաեւ ԵՎՐԱՆԵՍԹ խորհրդարանական վեհաժողովին: ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանի Ազգային ժողովն առաջիններից է ողջունել ԵՎՐԱՆԵՍԹ-ի գաղափարը եւ այն շատ կարեւոր ձեւաչափ է տարածաշրջանում խաղաղություն ապահովելու համար, բայց այդ կառույցը չպետք է դառնա տարածաշրջանային հակամարտություններ քննարկող մարմին:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին այլ հարցեր եւս:




























