Վրաստանին «այս աշուն լուրջ բեկում է սպասում» Եվրամիությանն ինտեգրման համատեքստում: Այս մասին վրացի լրագրողներին հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին` Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ փողոցային զբոսանքի ժամանակ: Նա չի հստակեցրել, թե որ ուղղությամբ է բեկում սպասվում, բայց նշել է, որ իր Լեհաստան կատարած այցելությունը «շատ կարեւոր է եղել» Արեւելյան գործընկերության գագաթաժողովից առաջ, որը կայանալու է Վարշավայում` սեպտեմբերի 29-30-ին:

«Ես կարծում եմ, որ այս աշունը Վրաստանի համար կլինի եվրոպական աշուն: Մենք կարծում ենք, որ սեպտեմբեր-հոկտեմբերին եւ մինչեւ տարվա վերջ այդ ուղղությամբ մենք ոչ թե հերթական ինչ-որ քայլը կանենք, այլ դա կլինի իսկապես բեկում»,- ասել է Սահակաշվիլին, հաղորդում է «Գռուզիա Online»-ը: