Հայաստանի Կենտրոնական բանկը 2011 թ. հունվար-հուլիս ամիսներին արտարժույթի շուկայում գնել է մոտ 36.5 մլն դոլար, եւ վաճառել մոտ 93 մլն. դոլար: Տվյաների աղբյուրը ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած հուլիս ամսվա տեղեկագիրն է:
Այսպիսով` ԿԲ-ն ավելի շատ գումար է ծախսում դրամը արժեզրկումից փրկելու համար, քան թե արժեւորումը կանխելու:
Այս տարի ամենամեծ միջամտություն փոխարժեքին ԿԲ-ն իրականացրել է ապրիլին, երբ գնել է 2 մլն դոլար եւ վաճառել 32.6 մլն դոլար: Ամռան ամիսներին ԿԲ-ն իրականացրել է բացառապես արտարժույթի գնում, իսկ գարնանը` առավելապես վաճառք: Սա հերթական անգամ վկայում է, թե փոխարժեքը որքան զգայուն է սեզոնային գործոնների ազդեցության նկատմամբ:
Եթե համեմատենք նախորդ տարիների հետ, ապա այս տարի ԿԲ-ն զգալիորեն նվազեցրել է միաջմտությունը փոխարժեքին: Այսպես` 2010 թ. միայն մարտին ԿԲ-ն ստիպված է եղել շուկայում վաճառել մոտ 70 մլն դոլար, իսկ հունվարին` 40 մլն դոլար: Արտարժույթի շուկայում ԿԲ գործառույթները գրեթե կրկնակի նվազել են:
Աշնանը փոխարժեքը սովորաբար կայուն վարքագիծ չունի: Ներկայում դրամը գտնվում է արժեզրկման ճնշման ներքո, ուստի չի բացառվում, որ ԿԲ-ն շուկայում իրականացնի դոլարային ինտերվենցիաներ, մինչեւ գոնե նոյոմբերից, կապված նախատոնական առեւտրի հետ, դրամը ինքնուրույն կամրապնդվի դոլարի նկատմամբ:




























