Մեծ տարածաշրջանում իրավիճակը վատ է ազդում Հարավային Կովկասի իրավիճակի վրա, այն ավելի լարված ու ավելի անհանգիստ է դառնում։ Այս մասին NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդաշարի թողարկման ժամանակ ասաց ՌԴ ԱԳՆ ՄՀՄՊԻ (МГИМО) Ժողովրդական հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Նիկոլայ Սիլաեւը։

«Անհասկանալի է՝ ինչպես խուսափել դրանից, քանի որ տարածաշրջանում իրանա-թուրքական մրցակցությունը մեկ հարյուրամյակի վաղեմություն չէ, որ ունի։ Իրանն ունի իր շահերը, որոնք անհնար է անտեսել բազմաթիվ պատճառներով։ Ինչ վերաբերում է գործընկերների վերաբերյալ ամերիկյան մոտեցումներին, ապա դա հանգում է նրան, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, Ադրբեջանը համարվում է գործընկեր, բայց Հայաստանն էլ է համարվում գործընկեր»,- ասաց նա։

Սա, նրա խոսքով, ցույց է տալիս, որ ԱՄՆ-ի համար գնալով դժվարանում է կառավարել այն հակասությունները, որոնք հենց ինքն է ստեղծել:

«Ո՛չ Թուրքիայի, ո՛չ Իրանի համար Հարավային Կովկասն այնքան կարեւոր չէ, որքան, օրինակ, Միջերկրական ծովի արեւելքը Թուրքիայի համար եւ Պարսից ծոցը՝ Իրանի համար։ Այն, որ նման խոշոր խաղացողների համար Հարավային Կովկասը գտնվում է տարածաշրջանային ծայրամասում, թույլ է տալիս հուսալ, որ զենքի այդպիսի թափահարումները չեն վերածվի դրա կիրառման»,- ընդգծեց Սիլաեւը։

Քաղաքագետը կարծում է, որ Ռուսաստանի եւ Իրանի համագործակցությունը կշարունակվի, դրան են մղում բոլոր հանգամանքները, սակայն Ռուսաստանը հետխորհրդային այս երեսուն տարիների ընթացքում ելնում էր նրանից, որ Հարավային Կովկասում անհրաժեշտ է խուսափել բլոկային քաղաքականությունից։ «Ինձ թվում է՝ Ռուսաստանը այսուհետ եւս կշարունակի խուսափել բլոկային տրամաբանությունից»,- եզրափակեց նա։