Մոսկվան հետեւողականորեն հանդես է գալիս իրանական կողմի հետ ծագող խնդիրները երկխոսության միջոցով լուծելու օգտին: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը: Նա հանդես է եկել հայտարարությամբ չորեքշաբթի օրը, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում, որը նվիրված էր ՄԱԿ-ի ԱԽ-ի` Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառող Կոմիտեի 1737-րդ որոշմանը: Այս մասին հաղորդել է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Չուրկինի խոսքով` Ռուսաստանն ամեն ինչ կանի` վերսկսելու համար «վեցնյակի» բանակցություններն Իրանի հետ: ՄԱԿ-ում վերջին շաբաթվա ընթացքում ակտիվորեն քննարկվում է Ռուսաստանի նախաձեռնությունը, որն ստացել է «Լավրովի ծրագիր» անվանումը: Դրա էությունը փուլային եւ փոխադարձ լինելն է, որը կողմերին թույլ կտա լուծել Իրանի միջուկային խնդիրը:

Ռուսաստանն ակնկալում է, որ իր նախաձեռնությունը փակուղուց կհանի բանակցությունները` Իրանի իսլամական հանրապետության եւ «վեցնյակի» միջազգային միջնորդների միջեւ (ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամները եւ Գերմանիան): Այս բանակցությունների վերջին փուլը կայացել է հունվարին Ստամբուլում եւ գրեթե ապարդյուն է անցել: Բանակցությունների հաջորդ փուլի ամսաթիվը չի հայտարարվել: