Ավստրալիայի կառավարությունը որոշել է պատժամիջոցներ սահմանել ՌԴ յոթ քաղաքացիների, ինչպես նաեւ Իրանից եկած անձանց ու կազմակերպությունների դեմ, որոնց համարում է մարդու իրավունքների խախտման մեջ ներգրավված։ Բացի այդ, շաբաթ օրը Ավստրալիայի ԱԳՆ կայքում հրապարակված հայտարարության համաձայն, Իրանի մի քանի քաղաքացիներ եւ կազմակերպություններ պատժամիջոցների տակ են ընկել՝ կապված Ռուսաստանի Դաշնություն անօդաչու թռչող սարքերի ենթադրյալ առաքման մեղադրանքների հետ, որոնք բազմիցս հերքվել են Մոսկվայի եւ Թեհրանի կողմից:

«Ավստրալիայի կառավարությունը պատժամիջոցները սահմանում է Մագնիտսկու [ազգային օրենքով] համաձայն՝ 13 ֆիզիկական անձանց եւ երկու կազմակերպությունների հանդեպ, որոնք ներգրավված են մարդու իրավունքների խախտումների մեջ: Նրանց թվում են Իրանի բարեվարքության ոստիկանությունը, իրանական «Բասիջ» ջոկատը եւ Իրանի վեց քաղաքացիներ, որոնք մասնակցել են Մահսա Ամինիի սպանությունից հետո բողոքի ցույցերի դաժան ճնշմանը»,- ասվում է Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Փենի Վոնգի հայտարարության մեջ:

Նախարարը նշել է, որ սահմանափակումներ կկիրառվեն նաեւ Ռուսաստանի յոթ քաղաքացիների նկատմամբ, որոնք, ինչպես համարում են Ավստրալիայում, «մասնակից են Ալեքսեյ Նավալնիի դեմ մահափորձին», որը հոսպիտալացվել էր 2020 թվականի օգոստոսի 20-ին Տոմսկ-Մոսկվա չվերթի ինքնաթիռում վատանալուց հետո։ Ռուսական կողմն ավելի վաղ ուշադրություն էր հրավիրել այն հանգամանքի վրա, որ Գերմանիայի Charité կլինիկա տեղափոխելուց առաջ նրա օրգանիզմում թունավոր նյութեր չեն հայտնաբերվել։

Վոնգը նաեւ նշել է, որ լրացուցիչ տնտեսական պատժամիջոցներ կկիրառվեն Իրանի երեք քաղաքացիների եւ մեկ ձեռնարկության նկատմամբ, որոնք, ըստ Կանբերայի, կապված են Ռուսաստանին իրանական անօդաչու թռչող սարքերի ենթադրյալ մատակարարման հետ։