ԱՄՆ-ի պետդեպարտամենտը հայտնել է, որ հաջորդ շաբաթ ԱՄՆ բարձրաստիճան պատվիրակությունը կայցելի Չինաստան՝ հետեւելու չինացի գործընկեր Սի Ծինփինի հետ նախագահ Ջո Բայդենի վերջին բանակցություններին եւ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ հաջորդ տարվա սկզբին Պեկին կատարելիք այցի նախապատրաստմանը:

Արեւելյան Ասիայի եւ Խաղաղ օվկիանոսի հարցերով պետքարտուղարի օգնական Դանիել Կրիտենբրինքն ու Չինաստանի եւ Թայվանի հարցերով Ազգային անվտանգության խորհրդի ավագ տնօրեն Լաուրա Ռոզենբերգերը դեկտեմբերի 11-ից 14-ը կմեկնեն Չինաստան, Հարավային Կորեա եւ Ճապոնիա:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը եւ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Թայվանի եւ Հյուսիսային Կորեայի վերաբերյալ բանակցություններ են վարել նոյեմբերի կեսերին Ինդոնեզիայում կայացած G20-ի գագաթաժողովի շրջանակներում, հանդիպում, որի նպատակն էր կանխել լարված հարաբերությունների՝ ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ նոր սառը պատերազմի վերածումը:

Պետքարտուղարությունը հայտնել է, որ պատվիրակության այցը կհաջորդի նշված հանդիպմանը, որը նպատակ ունի«շարունակելու պատասխանատու կերպով կառավարել մրցակցությունը մեր երկու երկրների միջեւ եւ ուսումնասիրել համագործակցության հնարավոր ոլորտները», ինչպես նաեւ հիմքեր նախապատրաստելու Բլինքենի այցի համար: