Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար արքայազն Աբդուլազիզ բն Սալմանը հայտարարել է, որ եվրոպական պատժամիջոցների ազդեցությունը ռուսական նավթի վրա եւ գների սահմանափակումը «դեռեւս հստակ արդյունքներ չեն տվել», եւ դրանց ռեալիզացիան դեռեւս պարզ չէ, փոխանցում է Reuters-ը։

«Այն, ինչ հիմա կատարվում է կիրառվող պատժամիջոցների եւ գնային շեմերի առումով, իսկապես հստակ արդյունքներ չի տվել, ներառյալ դեկտեմբերի 5-ին իրականացված միջոցառումները, մենք անորոշություն ենք տեսնում», - նշել է արքայազն Աբդուլազիզը:

Նրա խոսքով, Ռուսաստանի արձագանքը եւ այն քայլերը, որոնք նա կձեռնարկի ի պատասխան այդ գործիքների, եւս մեկ գործոն է, որը պետք է հաշվի առնել համաշխարհային շուկաներում իրերի վիճակը դիտարկելիս: «Այդ գործիքները ստեղծվել են քաղաքական նպատակներով, եւ դեռեւս պարզ չէ՝ կկարողանա՞ն հասնել այդ քաղաքական նպատակներին, թե՛ ոչ»,- ասել է նա՝ նկատի ունենալով գնային վերին շեմը։

2023 թվականին շուկայի վրա ազդող այլ գործոն կլինի Չինաստանի COVID-19 քաղաքականությունը: Չինաստանի տնտեսության վրա Covid-ի սահմանափակումների թեթեւացման ազդեցությունը դեռեւս «ժամանակ կպահանջի», - հայտնել է արքայազնը:

«Կենտրոնական բանկերը շարունակում են մտահոգված լինել գնաճի կառավարմամբ՝ անկախ այդ միջոցառումների արժեքից եւ համաշխարհային տնտեսական աճի վրա դրանց հնարավոր բացասական ազդեցությունից»:

Նրա խոսքով՝ ՕՊԵԿ + դաշինքի՝ արդյունահանումը օրական 2 միլիոն բարելով կրճատելու հոկտեմբերի 5-ի որոշումը ճիշտ է՝ հաշվի առնելով վերջին իրադարձությունները։

Արքայազն Աբդուլազիզը նշել է, որ դաշինքը կշարունակի կենտրոնանալ շուկայի կայունության վրա գալիք տարում՝ պնդելով, որ ՕՊԵԿ+ դաշինքի յուրաքանչյուր անդամ մասնակցել է որոշումների կայացմանը։

«Խմբային գործողությունները պահանջում են համաձայնություն, եւ, հետեւաբար, ես շարունակում եմ պնդել, որ ՕՊԵԿ+-ի յուրաքանչյուր անդամ, լինի խոշոր թե փոքր արտադրող, մասնակցի որոշումների կայացմանը», - ասել է արքայազն Աբդուլազիզը ֆորումի ընթացքում՝ նշելով, որ կոնսենսուսը դրական է ազդում շուկայի վրա: