Նիգերիայի իսլամական շարժման անդամները դուրս են եկել փողոց՝ դատապարտելու «Մուսուլմանական միասնություն» շարժման շիա անդամների եւ առաջնորդ շեյխ Հաջ Թալեհ Բաքիր Զադեի նկատմամբ Ադրբեջանում տեղի ունեցած հալածանքն ու խոշտանգումները, հայտնում է Press TV-ն։

Շարժման ակադեմիական ֆորումի ազգային քարտուղար Աբդուլլահ Մուսան շաբաթ օրը մասնակցել է Աբուջայի ազգային մզկիթում տեղի ունեցած ցույցին։

«Ադրբեջանի կառավարությունն անօրինական կերպով հետապնդում է նրանց։ Ուստի յուրաքանչյուր մուսուլման պետք է դիմադրի բռնակալությանը եւ ճնշումներին», - ասել է Մուսան:

Ցուցարարները դուրս են եկել փողոց ու վանկարկել «մահ Ամերիկային, մահ Իսրայելին»։ «Հանրահավաքի էությունն այն է, որ ցույց տանք մեր համերաշխությունը Ադրբեջանի մեր եղբայրներին եւ քույրերին, հատկապես նրանց առաջնորդ Հաջ Թալեհ Բաքիր Զադեին։ Մենք օգտագործում ենք այս հնարավորությունը՝ կոչ անելով անհապաղ ազատ արձակել նրանց», - ասել է Նիգերիայի շարժման մեկ այլ անդամ Բալա Հասան Բաուչին եւ հավելել. «Մենք օգտագործում ենք այս գործիքը՝ կոչ անելով աշխարհի ժողովրդին աջակցել Ադրբեջանի ժողովրդին, ինչպես նաեւ Եմենի եւ Պաղեստինի ժողովրդին։ Նրանք բոլորը ճնշված են եւ ամբողջ աշխարհի ուշադրության կարիքն ունեն»։

Նմանատիպ բողոքի ակցիայի շրջանակներում Կանո նահանգի մուսուլմանները ցույց են անցկացրել՝ ի համերաշխություն Ադրբեջանի ճնշված շիաների։

Բաքիր Զադեն, ով հայտնի է Թալե Բաղիրով մականունով, 17 այլ ակտիվիստների հետ ցմահ ազատազրկման է դատապարտվել՝ մեղադրվելով իշխանությունը տապալելու փորձի մեջ։ Տեղի դիտորդների կարծիքով՝ նրա ձերբակալության իրական պատճառը Ադրբեջանի Նարդարան քաղաքում ունեցած կրակոտ քարոզն է եղել։

Բաքիր Զադեն, որը հայտնի է դպրոցներում հիջաբի արգելքի դեմ արտահայտություններով, կոչ է արել Ադրբեջանի քաղաքական համակարգում ավելի լայն ներկայություն ապահովել իսլամի համար:

Լոնդոնում գործող Մարդու իրավունքների իսլամական հանձնաժողովը ուրբաթ օրը հայտարարություն է տարածել «Մուսուլմանական միասնություն» շարժման անդամների նկատմամբ հալածանքների մասին եւ Ադրբեջանի իշխանություններին անվանել «կոռումպացված»:

«Ադրբեջանի ծայրահեղ աշխարհիկ եւ կոռումպացված կառավարությունը դաժան հալածանքների է ենթարկել ադրբեջանցի ակտիվիստներին, գրաքննել եւ շրջափակել Նադարան քաղաքը, որը մեծ աջակցություն է վայելում «Մուսուլմանական միասնություն» շարժման կողմից. կառավարական ուժերը ձերբակալել, բանտարկել եւ խոշտանգել են բազմաթիվ ակտիվիստների»,- ասվում է հայտարարության մեջ։