Ռազմական օգնության հերթական փաթեթը, որը Շվեդիան տրամադրում է Ուկրաինային, 50 տոկոսով ավելին կլինի եւ կներառի հակաօդային պաշտպանության միջոցներ։ Այս մասին կիրակի հայտարարել է այդ երկրի՝ այցով Ուկրաինայում գտնվող պաշտպանության նախարար Փոլ Յոնսոնը Օդեսայում տված մամուլի ասուլիսում։
«Մի քանի շաբաթ առաջ կառավարությունն ընդունել է Ուկրաինային աջակցության իններորդ փաթեթը, այն արդեն 50 տոկոսով ավելին է, եթե համեմատենք ութերորդի հետ»,- Յոնսոնի խոսքերը մեջբերել է ուկրաինական «Европейская правда» պարբերականը։ «Այս փաթեթում մենք տրամադրում ենք ՀՕՊ, ինչպես նաեւ զինամթերք ՀՕՊ եւս մեկ տեսակի համար, իհարկե, կա նաեւ ձմռանը նախապատրաստվելու հետ կապված փաթեթ»,- ասել է Շվեդիայի պաշտպանության նախարարը։
Նա հիշեցրել է, որ հունվարի 1-ից Շվեդիան կսկսի նախագահել Եվրամիությունում, եւ խոստացել է, որ Ուկրաինայի շահերի պաշտպանությունը լինելու է կարեւոր խնդիր Ստոկհոլմի համար։
Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի խոսքով՝ նրա շվեդ գործընկերը պաշտպանության 18-րդ նախարարն է, որը եկել է Ուկրաինա փետրվարի վերջին մարտական գործողություններն սկսվելուց հետո։
Շվեդիայի խորհրդարանը նոյեմբերի կեսին աջակցել էր կառավարության առաջարկին՝ այս տարի Ուկրաինային նվիրել 3,0078 մլրդ կրոնի (ավելի քան 284 մլն դոլար) ռազմական տեխնիկա։ Խոսքը ՀՕՊ միջոցների եւ դրանց զինամթեքրների, ամենագնաց մեքենաների, ձմեռային հանդերձանքի, անհատական պաշտպանության միջոցների եւ վրանների մասին է։





























