Ադրբեջանցի «բնապահպաններն ու լրագրողները» ամեն կերպ սադրում են ռուս խաղաղապահներին։
Ինչպես արդեն հաղորդվել էր, դեկտեմբերի 12-ի առավոտյան մի խումբ «բնապահպաններ եւ լրագրողներ» հայտնվել էին Ստեփանակերտ-Գորիս ճանապարհին եւ փակել Արցախը Հայաստանին կապող միակ ավտոճանապարհը։ «Ակտիվիստները» մտադիր են վրաններ տեղադրել եւ պահանջել լուծել բնապահպանական որոշ կեղծ խնդիրներ։ Նրանք իրենց գործողություններն ուղեկցում են ռուս խաղաղապահների դեմ ակնհայտ սադրանքներով, ինչի մասին հայտնում են հենց իրենք։
Օրինակ՝ ադրբեջանական լրատվամիջոցներում հաղորդագրություն է տարածվում, թե իբր ռուս խաղաղապահները վնասել են ադրբեջանական Report լրատվական գործակալության մեքենան։ «Խաղաղապահներից մեկը ավտոմատի կոթով հարվածել է մեքենային՝ վնասելով այն»,- գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ադրբեջանցի «բնապահպանների ու լրագրողների» նախորդ ակցիաները նույնպես ուղեկցվել են սադրանքներով ու ապատեղեկատվությամբ։
Կադրերում երեւում է, թե ինչպես է ադրբեջանցի «լրագրողը» հրում խաղաղապահին, խոսափողը մոտեցնում է խաղաղապահի դեմքին եւ բղավում, որ «խաղաղապահներն ու հայերը մեզ խանգարում են»։





























