Հնդկաստանի եւ Չինաստանի սահմանապահների միջեւ դեկտեմբերի 9-ին բախումներ են տեղի ունեցել Հնդկաստանի Արունաչալ Պրադեշ նահանգի սահմանին։ Ինչպես հայտնում է ANI լրատվական գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին, միջադեպը տեղի է ունեցել Տավանգի հատվածում, այժմ կողմերը հեռացել են բախման վայրից։
Գործակալության տվյալներով՝ չինացի զինվորականները դուրս են եկել փաստացի վերահսկողության այն գծի վրա, որը բաժանում է երկու երկրները, սակայն հնդիկ զինվորականները «հաստատակամորեն ու վճռականորեն կանգնեցրել են նրանց։ Երկու կողմերի մի քանի զինծառայողներ «թեթեւ վիրավորումներ են ստացել», հայտնում է ՏԱՍՍ-ը։ Երկու կողմերն էլ անմիջապես հետ են քաշվել այդ տարածքից, հայտնում են աղբյուրները։
2020 թվականի մայիսին երկու երկրների սահմանին գտնվող Լադախի լեռնային շրջանում բախումներ էին տեղի ունեցել, որոնք երկու կողմից հանգեցրել էին զոհերի։ Հնդկաստանն ու Չինաստանը ծանր հրետանի, տանկեր եւ ավիացիա էին ուղարկել այդ տարածք: Անցյալ տարի ռազմական եւ դիվանագիտական մակարդակով մի շարք բանակցություններից հետո Պեկինը եւ Նյու Դելին սկսել են զորքերի փոխադարձ դուրսբերումը սահմանային գծից:





























