G7-ի առաջնորդները հաստատել են իրենց «անսասան աջակցությունն» Ուկրաինային «այնքան ժամանակ, որքան կպահանջվի»: Այս մասին ասվում է տեսակոնֆերանսի ձեւաչափով անցկացված հանդիպման արդյունքներով երկրների ղեկավարների համատեղ հայտարարության մեջ։
«Մենք վճռական ենք օգնել Ուկրաինային վերանորոգելու, վերականգնելու եւ պաշտպանելու իր կարեւոր էներգետիկ եւ ջրային ենթակառուցվածքները: Մենք կօգնենք Ուկրաինային բավարարել ձմռան նախապատրաստման իր կարիքները, կշարունակենք աջակցել Ուկրաինայի քաղաքացիական դիմացկունությանը եւ էլ ավելի կակտիվացնենք մեր ջանքերն այս ուղղությամբ դեկտեմբերի 13-ին Փարիզում կայանալիք միջազգային համաժողովի ժամանակ:
Ի վերջո, Ռուսաստանը ստիպված կլինի վճարել դաժան պատերազմի ժամանակ վնասված կամ ավերված կենսական ենթակառուցվածքների վերականգնման համար: Մենք պատասխանատվության կկանչենք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին եւ պատասխանատու անձանցն՝ միջազգային իրավունքի համաձայն։ Մենք կրկնում ենք, որ Ռուսաստանի անպատասխանատու միջուկային հռետորաբանությունն անընդունելի է, եւ որ քիմիական, կենսաբանական կամ միջուկային զենքի ցանկացած օգտագործում լուրջ հետեւանքներ կունենա»,- ասվում է հայտարարության մեջ։
G7-ի ղեկավարները նաեւ խոստացել են ակտիվացնել միջազգային աջակցությունը, որպեսզի օգնեն բավարարել Ուկրաինայի հրատապ կարճաժամկետ ֆինանսավորման կարիքները: Այդ կապակցությամբ մենք մտադիր ենք մոտ ապագայում կազմակերպել ֆինանսների նախարարների հանդիպում՝ 2023 թվականին համակարգված բյուջետային աջակցության համատեղ մոտեցումը քննարկելու համար։
«Մասնավորապես, Ուկրաինայի վերանորոգմանը, վերականգնմանն ու վերակառուցմանը աջակցելու նպատակով՝ Ուկրաինայի ու մեր միջազգային գործընկերների հետ եւ համապատասխան միջազգային կազմակերպությունների եւ միջազգային ֆինանսական հաստատությունների հետ սերտ համագործակցությամբ, մենք կստեղծենք միջգերատեսչական Դոնորների համակարգող հարթակ։ Այս հարթակի միջոցով մենք կհամակարգենք գործող մեխանիզմները՝ շարունակական կարճաժամկետ եւ երկարաժամկետ աջակցություն ցուցաբերելու եւ Ուկրաինայի բարեփոխումների օրակարգը խթանելու համար։ Կստեղծենք նաեւ հարթակի քարտուղարություն։ Մեզանից յուրաքանչյուրը կնշանակի կառավարության բարձրաստիճան պաշտոնյայի, որը կվերահսկի հարթակի ստեղծումը եւ շարունակական համակարգումը եւ կխնդրի նրանց, որ հնարավորինս շուտ հանդիպեն 2023 թվականի հունվարին»:
Ղեկավարները նաեւ մտադիր են համակարգել Ուկրաինայի ռազմական եւ պաշտպանական տեխնիկայի հրատապ կարիքները բավարարելու ջանքերը՝ անմիջապես կենտրոնանալով Ուկրաինային հակաօդային պաշտպանության համակարգերով եւ միջոցներով ապահովելու վրա։





























