Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնի մի շարք բուժառուներ գտնվում են ծայրահեղ ծանր և ծանր վիճակում: NEWS.am-ին բժշկական կենտրոնից հայտնել են, որ նրանց կյանքին վտանգ է սպառնում, ցուցված է բուժումը և հետազոտությունները շարունակել Երևանում: Շրջափակման հետևանքով նրանց տեղափոխումը Հայաստանի քաղաքային հիվանդանոցներ դարձել է անհնար:
Մասնավորապես 50-ամյա տղամարդը դեկտեմբերի 11-ից միացված է թոքերի արհեստական շնչառության սարքին, ունի սուր շնչառական անբավարարություն, աստմայի սրացում, մուլտիֆոկալ թոքաբորբ: 42-ամյա մեկ այլ տղամարդու կատարվել է սիրտ-թոքային վերակենդանացում, ունի օրգանիզմի ընդհանուր ինտոքսիկացիա, ստանում է ծրագրային հեմոդիալիզ: Կայուն ծանր վիճակում է գտնվում մեկ այլ տղամարդը, որին ցուցված է Երևան տեղափոխել՝ սրտի վիրահատություն կատարելու համար։
Հիվանդանոց է տեղափոխվել նաև 56-ամյա մի կին՝ գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարումով, հիվանդանոցից տեղեկացրել են, որ նրա վիճակը հետզհետե ծանրանում է: 39-ամյա մեկ այլ կին գրեթե երկու շաբաթ տառապում է մարմնի բարձր ջերմությունով:





























