Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետեւանքով առողջական ծանր խնդիրներ ունեցող Արցախի քաղաքացիների տեղափոխումը Երեւան շարունակում է անհնար մնալ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արցախի Առողջապահության նախարարությունից։
«ԱՀ առողջապահության նախարարությունը գործադրում է հնարավոր բոլոր ջանքերը նրանց մասնագիտական օգնություն ցուցաբերելու ուղղությամբ՝ կապ պահպանելով նաեւ Երեւանի մասնագետների հետ:
Ներկա պահին առաջին օգնության համար անհրաժեշտ դեղերի եւ բժշկական պարագաների պակաս չկա: Այդուհանդերձ, անհանգստացնող է, որ դեղամիջոցների մատակարարումը դարձել է անհնարին»,– ասվում է Արցախի Առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնից ավելի վաղ հաղորդել էին, որ բժշկական կենտրոնի մի շարք բուժառուներ գտնվում են ծայրահեղ ծանր եւ ծանր վիճակում։ Նրանց կյանքին վտանգ է սպառնում, ցուցված է բուժումը եւ հետազոտությունները շարունակել Երեւանում, սակայն շրջափակման հետեւանքով նրանց տեղափոխումը Հայաստանի քաղաքային հիվանդանոցներ դարձել է անհնար:
Նշենք՝ մեկ օրից ավելի է՝ ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը, ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:
Արցախի ՆԳՆ–ի հաղորդմամբ, ստեղծված իրավիճակով պայմանավորված, Հայաստանից Արցախ եկող քաղաքացիները գիշերել են Գորիսում, մի մասը`այդ թվում կանայք ու երեխաներ, Շուշիի շրջանի Լիսագոր համայնքում։





























