Երևանի Ազատության հրապարակում Արցախի երիտասարդները բողոքի ակցիա են կազմակերպել ի պաշտպանություն Արցախի։ Հավաքվել են ինչպես ՀՀ բնակիչները, այնպես էլ Արցախից տեղահանվածները։

Ազատության հրապարակում հավաքվածները նշում են` ուզում են իրենց բողոքի ձայնը հասցնել ՀՀ–ում օտարերկրյա դեսպանատներին` հորդորելով դադարեցնել Արցախի շրջափակումը և բացել Լաչինի միջանցքը։

Ակցիայի մասնակիցների ձեռքին կան պաստառներ. «Կանգնեցրեք Ադրբեջանի ագրեսիան», «120 հազար մարդ շրջափակման մեջ է», «Սա հանցանք է մարդկության դեմ», «Քո կողքին ենք, Արցախ»:

Բողոքի ակցիային մասնակում են ընդդիմադիր պատգամավորներ Աննա Մկրտչյանը, Սեյրան Օհանյանը, Ասպրամ Կրպեյանը, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը, դաշնակցական եւ ՀՀԿ-ական երիտասարդներ:

Ակցիայի մասնակիցներից Հադրութցի երիտասարդ աղջկը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենց նպատակն է իրենց ձայնը հնչեղ ներկայացնելը թե ԱՄՆ-ի, թե Ֆրանսիայի, թե բոլոր այն երկրների դեսպանություններին, որոնք կարող են թեկուզ փոքր ազդեցություն ունենալ Թուրքիայի եւ Ադրբեջանի քաղաքական վերնախավի գործողությունների վրա. «ՀՀ իշխանությունները միգուցե իրենց ձեռքերը լվացել են Արցախից իրենց կատարած աշխատանքով, իրենց վերաբերմունքով: Ես կարծում եմ, որ մենք՝ երիտասարդներով եւ ողջ ժողովրդի օժանդակությամբ կարող ենք ազդել եւ ի վերջո, բացել այդ միակ ճանապարհը, որը Արցախը միացնում է Հայաստանին: 120 հազար մարդ այսօր սպասում է մեր օգնությանը: Մենք չենք կարող գնալ աշխատանքի, տանը նստել, ու սպասել իշխանության աշխատանքին: Չենք կարող այդպես անել»:

Բողոքի ակցիայի մասնակիցները «Արցախ, Արցախ» վանկարկումներով Ազատության հրապարակից շարժվեցին դեպի Հայաստանում ՄԱԿ–ի գրասենյակ, որտեղ երկու նամակ փոխանցեցին ՄԱԿ-ի գրասենյակի աշխատակիցներին: Նամակներում, մասնավորապես, դիմում են միջազգային հանրությանը` կոչ անելով զերծ մնալ երկակի ստանդարտներից, դատապարտել Ադրբեջանի հակամարդկային վարքագիծն ու գործիքակազմ կիրառել` կանխելու Արցախում Ադրբեջանի կողմի էթնիկ զտման փորձերը։

Երթի ընթացքում մասնակիցները հանդես էին գալիս կարճ տեքստերով՝ նշելով. «Մենք պահանջում ենք միջազգային հանրությունից, որ վերջ դնեն Ադրբեջանի հայատյաց քաղաքականությանը», «Թույլ չենք տալու, Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում», «Մենք այսօր միջազգային հանրությանն այսօր էլ հիշեցնում ենք, որ մարդը բարձրագույն արժեք է, մինչդեռ Ադրբեջանի կողմից ապաշրջափակված Արցախում 120 հազար մարդու իրավունքներն անտեսվում են», «Միջազգային հանրությունը պետք է կոշտ և կոպւտ արձագանքի Ադրբեջանին. Այո, Ադրբեջանը տեռորիստ է, մեկ անգամ չէ, որ նա ապացուցել է դա», «Մենք եկել ենք ասելու, որ ունենք կյանքի իրավունք։ Արցախն անկատրում է, երբեք չի եղել ու չի լինելու Ադրբեջանի կազմում»,-արդեն ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց բարձրախոսով հայտարարեց արցախցի երիտասարդ աղջիկը, որը չի կարողանում վերադառնալ հարազատ օջախ», «Այստեղ ենք նաև հասկանալու, արդյոք ՄԱԿ-ը որ ստեղծվել է հատուկ առաքելությամբ, հետևո՞ւմ է այդ առաքելությանը Հայաստանում։ Այսօր մեր հայրենակիցները կանգնած են հումանիտար աղետի առաջ, Դուք արձանագրումներ անելո՞ւ եք։ Մենք այստեղ ենք՝ հստակ հայտարարելու, որ թույլ չենք տալու, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում, որ դրածո իշխանությունն Արցախը հանձի Ադրբեջանին»:

Դրանից հետո ակցիայի մասնակիցները շարժվեցին են ՌԴ-ի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի դեսպանատներ։

Հիշեցնենք, որ երեկ առավոտից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։